Խոսքն այն վարույթի մասին է, որը ԿԿՀ-ն հարուցել էր 2022 թ. դեկտեմբերին: Իսկ դրա պատճառն այն էր, որ Տիգրան Ավինյանը 2022 թ. սեպտեմբերի 23-ին Երեւանի ավագանու կողմից ընտրվել է փոխքաղաքապետ, բայց դրանից հետո մնացել է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» (ԱՆԻՖ) ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնում, որը զբաղեցնում է 2019-ից:
Մամուլը, ԱՆԻՖ-ն ու ԿԿՀ-ն տարակարծիք են
Փոխքաղաքապետի ու ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնների համատեղումը տարակուսանք էր առաջացրել հայկական մամուլում նախորդ տարվա աշնանը: Դրանից հետո ԿԿՀ-ն վարույթ էր հարուցել անհամատեղելիության պահանջներն առերեւույթ խախտելու վերաբերյալ:
Մինչեւ ԿԿՀ-ն վարույթ կհարուցեր, մամուլի հրապարակումներին արձագանքել էր ԱՆԻՖ-ը հայտարարելով, թե Ավինյանի կողմից երկու պաշտոնների համատեղումն օրենսդրության սահմաններում է, քանի որ «Հանրային ծառայության մասին» օրենքի համաձայն «հանրային պաշտոն զբաղեցնող անձը (այս դեպքում փոխքաղաքապետ Տ. Ավինյանը – «Հետք») կարող է ընդգրկվել 50 եւ ավելի տոկոս ՀՀ մասնակցությամբ առեւտրային կազմակերպության տնօրենների խորհրդի կազմում, եթե դա ուղղակիորեն առնչվում է իր պաշտոնավարման ոլորտի քաղաքականության իրականացման հետ առանց վարձատրության կամ որեւէ այլ ձեւով փոխհատուցում ստանալու»։ Այս առումով ԱՆԻՖ-ը նշել էր, որ ինքը 100 տոկոս պետական մասնակցությամբ առեւտրային կազմակերպություն է, իսկ տնօրենների խորհրդի նախագահ Ավինյանը վարձատրություն չի ստանում:
Սակայն ամենակարեւոր հանգամանքն այն է, որ «Հանրային ծառայության մասին» օրենքի պահանջով հանրային պաշտոն զբաղեցնող անձը կարող է ընդգրկվել նույն ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի կազմում, եթե դա ուղղակի կապ ունի նրա պաշտոնավարման ոլորտի քաղաքականության իրականացման հետ: Երբ 2018-2021 թթ. Տ. Ավինյանը փոխվարչապետ էր, ըստ էության, հակասություն չկար նրա այս պաշտոնի ու ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահ լինելու միջեւ, քանի որ որպես փոխվարչապետ նա համակարգում էր այն ոլորտը, որում գործում է ԱՆԻՖ-ը:
Բայց արդյոք ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահ լինելը որեւէ առնչություն ունի փոխքաղաքապետի պաշտոնի հետ: Ըստ ԱՆԻՖ-ի այո: Ահա թե ինչպես է վերջինս դեռ նախորդ տարվա նոյեմբերին փորձել հիմնավորել այդ առնչությունը. «ԱՆԻՖ-ի ընթացիկ, առայժմ չհայտարարված, ինչպես նաեւ ապագա քննարկվող ծրագրերի մեծ մասը ուղիղ կապ ունի Երեւանի զարգացման ծրագրերի հետ: Այդ թվում են քաղաքացիների շարժունակության, ենթակառուցվածքների, տուրիզմի, սպասարկման, շինարարության, կառուցապատման եւ այլ բնագավառները։ ԱՆԻՖ-ի կողմից իրականացվող ծրագրերի զգալի մասի արդյունավետությունը եւ իրացվելիությունը ուղիղ կապ ունեն Երեւանի քաղաքապետարանի գործառույթների հետ։ Այս պահին քննարկման փուլում են Երեւանում ԱՆԻՖ-ի կողմից նոր ներդրումների ներգրավման մի քանի ծրագրեր, որոնք գտնվում են քաղաքապետարանի անմիջական գործառույթների տիրույթում։ Հետեւաբար, փոխքաղաքապետի կարգավիճակի հետ համատեղությունը ԱՆԻՖ-ի անկախ վերահսկող մարմնում ինչպես չի հակասում օրենքին, այնպես էլ նպաստում է պետության ներդրումային եւ առկա ծրագրերի իրականացման համադրմանը»:
Սակայն ԿԿՀ-ն, ըստ էության, այլ կարծիքի է եղել, ինչն էլ Ավինյանի վերաբերյալ վարույթ հարուցելու հիմք է դարձել: Հանձնաժողովը վարույթ հարուցելու որոշման մեջ մեջբերել է ոչ միայն «Հանրային ծառայության մասին» օրենքի սահմանափակումները, այլեւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի այն դրույթը, որ քաղաքապետի տեղակալները չեն կարող պաշտոն զբաղեցնել առեւտրային կազմակերպություններում:
ԿԿՀ-ն կասեցրել է վարույթը. ինչու՞
2022 թ. դեկտեմբերին հարուցված վարույթի վերջնաժամկետը մինչեւ մարտի 12-ն էր, որը ԿԿՀ-ն երկարաձգել էր եւս մեկ ամսով: Սակայն ապրիլի 12-ին, երբ պիտի պարզ դառնար ի վերջո, Տ. Ավինյանը խախտե՞լ է անհամատեղելիության պահանջները, թե՞ ոչ, Հանձնաժողովն այլ որոշում կայացրեց: ԿԿՀ-ն որոշեց կասեցնել վարույթը: Հանձնաժողովն այդպես էլ չհրապարակեց բուն որոշումը, սակայն ապրիլի 17-ին հայտարարեց. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իր որոշմամբ հիմնավորել է, որ վարույթի շրջանակներում ձեռք բերված նյութերում առկա են տվյալներ, որոնք պետք է ուսումնասիրվեն այլ պետական մարմինների կողմից»: Այս հայտարարությունն ավելի շատ հարցեր էր առաջացնում, քան պարզություն մտցնում:
«Հետքի» առաջին հարցումից հետո ԿԿՀ-ն միայն տրամադրեց իր կայքում տեղադրված այս հայտարարության հղումը, սակայն երկրորդ հարցումով խնդրեցինք տրամադրել վարույթը կասեցնելու բուն որոշումը: Մեր այս հարցումից հետո հունիսի 8-ին (որոշումը կայացնելուց շուրջ 2 ամիս անց), Հանձնաժողովն իր կայքում հրապարակեց այն որոշ հատվածներով փակելով:
ԿԿՀ-ի որոշման բաց հատվածներում, մասնավորապես, նշվում է, որ Տիգրան Ավինյանը «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» (ԱՆԻՖ) ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ է դարձել 2019 թ. հուլիսի 8-ին, երբ ՀՀ փոխվարչապետ էր (2018-2021 թթ.): Հանձնաժողովն ԱՆԻՖ-ից պահանջել է 2019-2023 թթ. իրականացրած ոլորտային ծրագրերի (այդ թվում նախատեսվող ծրագրերի) եւ դրանց վերաբերյալ հաշվետվությունների, ինչպես նաեւ խորհրդի ձեւավորման օրվանից սկսած հրավիրված նիստերի արձանագրությունների պատճենները:
«Վերլուծելով ներկայացված տվյալները Հանձնաժողովի մոտ ձեւավորվել է ողջամիտ կասկած առ այն, որ ընկերության գործունեության ընթացքում հնարավոր է իրականացվել են չարաշահումներ, որոնք պետք է հանդիսանան բազմակողմանի եւ օբյեկտիվ քննության առարկա եւ ստուգվեն քրեադատավարական ընթացակարգերով»,- նշել է ԿԿՀ-ն եւ որոշել Ավինյանի գործով վարույթը կասեցնել, իսկ դրա նյութերն ուղարկել Գլխավոր դատախազություն քրեադատավարական ընթացակարգերի շրջանակնում դրանք գնահատելու, իսկ համապատասխան հիմքերի առկայության դեպքում ընթացք տալու համար: Այս որոշումն, օրենքի պահանջով, ուղարկվել է նաեւ Տ. Ավինյանին:
Մանրամասները սկզբնաղբյուրում