«Հրապարակ» թերթը գրում է.
«Թեեւ Նիկոլ Փաշինյանն անցած շաբաթ փակ նիստում սաստել է կուսակիցներին՝ հորդորելով այլեւս չխոսել հայտնի լսումներից ու Արգիշտի Քյարամյանին պատժելուց, սակայն ՔՊ ներքին զրույցների թեման շարունակում է մնալ Քյարամյանին պատասխանատվության ենթարկելու պահանջը։
Նրանց կարծիքով, չպետք է Քյարամյանն անպատիժ մնա, քանի որ անհարգալից պահվածք է դրսեւորել խորհրդարանի՝ որպես ինստիտուտի նկատմամբ եւ փողոցային ժարգոնով խոսել դահլիճում նստածների հետ, հրապարակային մեղադրանքներ է հնչեցրել Հովիկ Աղազարյանի հասցեին, թե իբր նա փորձել է որդու գործով հովանավորչություն անել:
Այսինքն՝ ՔԿ ղեկավարն «իմացել, չի հայտնել» մինչեւ լսումները, ինչը նույնպես հանցանք է: Բայց ամենակարեւորը՝ ՔԿ ղեկավարն ԱԺ ամբիոնից հրապարակավ խոստովանել է, որ, լինելով քննչական կառույցի ղեկավար, առաջնորդվել է ոչ թե փաստերով, այլ օրենք է մեկնաբանել։
Եթե կար բաց, պարտավոր էին դիմել խորհրդարանին եւ առաջարկել հստակեցումներ մտցնել, մինչդեռ Քյարամյանն «առաջնորդվել է սեփական կարծիքով»՝ ասելով. «Մի ինչ-որ փուլում` ՊԵԿ-ի մեր շատ հարգելի գործընկերների հետ միասին որոշվեց, որ պետք է վերջ դրվի, մեր տեսանկյունից՝ պետության նկատմամբ խայտառակ վերաբերմունքին․․․»։