26 Հունիսի, 2024
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«ՀՀ արդադատության փոխնախարար Կարեն Կարապետյանը պաշտոնի նշանակվել է 2023 թվականի փետրվարի 22-ին։

Մինչեւ փոխնախարարի պաշտոնը զբաղեցնելը Կարապետյանը 2017-2018 թվականներին եղել է Եվրոպայի խորհրդի՝ «Աջակցություն Հայաստանում դատաիրավական բարեփոխումների իրականացմանը» ծրագրի պատասխանատու։

2019-2022 թվականներին եղել է Եվրոպայի խորհրդի՝ «Փաստաբանի մասնագիտության խթանումը Եվրոպական չափանիշներին համապատասխան» Եվրոպական միության Արեւելյան գործընկերության երկրների տարածաշրջանային ծրագրի ղեկավար։

Արդարադատության ոլորտում չունենալով զգալի կենսագրություն՝ Կարապետյանը եկել է արդարադատության ոլորտ գուցե անպատճառ, բայց ոչ պատահական։

Ըստ 2023 թվականի եկամուտների, անշարժ գույքի, ծախսերի եւ շահերի հայտարարագրի՝ Կարեն Կարապետյանը հայտարարագրել է 2 բնակարան բազմաբնակարան շենքում, որից մեկը ձեռք է բերվել 2018 թվականին Արաբկիր վարչական շրջանում, իսկ մյուսը՝ 2020 թվականին ձեռք բերված բնակարանը, նվիրատվություն է, որը գտնվում Կենտրոն վարչական շրջանում։

ՀՀ արդարադատության փոխնախարարը հայտարարագրել է 2019 թվականին ձեռք բերված 2011 թվականի արտադրության Volvo մակնիշի մեքենա։

Փոխնախարարի բանկային ավանդները կազմել են 2 մլն 965 հազար դրամ, բանկային մնացորդները՝ 6 հազար եվրո եւ գրեթե 1 մլն 800 հազար դրամ։

Փոխնախարարի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 16 մլն 542 հազար դրամ, որից 12 մլն 757 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ արդարադատության նախարարությունից։

Քանի որ Կարեն Կարապետյանը 2022-2023 թվականներին եղել է Եվրոպայի խորհրդի՝ «Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի եւ կանխարգելման ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում» ծրագրի ղեկավարը, ըստ այդմ՝ Եվրոպայի խորհրդից ստացել է 7 հազար եվրո աշխատանքի վարձատրություն։

Հաշվետու տարվա եկամուտներից 1000 եվրոն ապահովագրության փոխհատուցում է Henner GMC-ից, իսկ 22 հազար դրամը փոխառություն է «ՀայԷկոնոմ» բանկից։

Փոխնախարարի ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 9 մլն 802 հազար դրամ։ Վարկային պատմությունից հասկանում ենք, որ բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդը կազմել է 21 հազար եվրո։

Իշխանությունը Կարեն Կարապետյանի պես մասնագետներին Հայաստան բերելու մի նպատակ ունի՝ հաճոյանալ Եվրոպային, ինչն էլ, կարծես, ստացվում է»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

kotayk

Լրահոս