28 Սեպտեմբերի, 2024

«Հայաստանի գույներ» ջրաներկի միջազգային երկրորդ փառատոնի շրջանակներում սեպտեմբերի 28-ին Գյումրու համայնքային ցուցասրահում բացվեց Մարտիրոս Սարյանի ջրաներկ գործերի բացառիկ ցուցահանդեսը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ցուցադրության շրջանակներում ավելի քան մեկ ամիս կցուցադրվեն Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանից եւ Հայաստանի Ազգային պատկերասրահից Գյումրի բերված շուրջ երեք տասնյակ ջրաներկ աշխատանքներ։

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Մարտիրոս Սարյանի, Ավետիք Իսահակյանի և Մինաս Ավետիսյանի ժառանգները։

«Սա աննախադեպ մշակութային իրադարձություն է։ Շնորհակալ ենք բոլոր կազմակերպիչներին։ Վստահ ենք, որ այս հարկի տակ հազարավոր գյումրեցիներ և Գյումրի այցելած զբոսաշրջիկներ առիթ են ունենալու վայելելու Մարտիրոս Սարյանի ջրաներկ աշխատանքները»,-ողջունելով ցուցահանդեսի մասնակիցներին՝ նշեց Գյումրու համայնքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը։

Քաղաք այցելած հյուրերին և «Հայաստանի գույներ» ջրաներկի միջազգային երկրորդ փառատոնի մասնակիցներին ողջունեց Գյումրու համայնքի ղեկավարի տեղակալ Լուսինե Սանոյանը՝ շնորհակալություն հայտնելով փառատոնի ու ցուցադրության կազմակերպիչներին։ «Վստահ եմ, որ այս փառատոնը ամբողջական չէր լինի առանց այս ցուցադրության։ Լիահույս եմ՝ փառատոնի մասնակիցները նաև կոգեշնչվեն այս գործերով»,- նշեց Լուսինե Սանոյանը։

«Մարտիրոս Սարյանը եղել է Գյումրու պատվավոր քաղաքացի, և ինձ համար մեծ պատիվ է այսօր ներկա լինել այս ցուցահանդեսի բացմանը։ Ուրախ եմ, որ գյումրեցիները հնարավորություն կունենան տեսնելու Սարյանի ջրաներկ աշխատանքները, նկարազարդումները»,-նշեց Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Բելլա Իսահակյանը։

Վերջին անգամ Սարյանի գործերը Գյումրիում ցուցադրվել էին խորհրդային տարիներին։ Ցուցահանդեսին ներկայացված են Սարյանի տարբեր տարիների գործերը։

Սեպտեմբերի 28-29-ը «Հայաստանի գույներ» ջրաներկի միջազգային փառատոնը Գյումրի է բերել ջրաներկի աշխարհահռչակ 14 վարպետների 13 երկրից։ Փառատոնի կազմակերպիչը՝ «Արվեստա» ընկերությունն է։ Փառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Գյումրու համայնքապետարանի և Հայաստանի նկարիչների միության աջակցությամբ։

Լրահոս