«Հրապարակ» թերթը գրել է.
Հովիկ Աղազարյանի փաստաբանը երեկ դիմել է դատախազություն` պարզելու, թե ինչպես են պատգամավորի անձնական տվյալները հայտնվել երրորդ անձի՝ վարչապետի մոտ: «Խնդրել եմ պաշտպանիս՝ դիմել Գլխավոր դատախազություն, որպեսզի համապատասխան իրավական գործընթաց ձեռնարկի՝ պարզաբանելու, թե ինչպես է Հակակոռուպցիոն կոմիտեից երրորդ անձանց մոտ հայտնվել իմ անձնական ինֆորմացիան»,- ասաց Աղազարյանը։ Հիշեցնենք, որ ՔԿ նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանի հայտարարության հիման վրա հարուցված վարույթի շրջանակներում Աղազարյանն անցնում է որպես վկա, եւ շաբաթներ առաջ նրա հեռախոսը Հակակոռուպցիոն կոմիտեն առգրավել է, հետո դրա պարունակությունը հայտնվել է վարչապետի սեղանին, որը ՔՊ նիստում հրապարակել է դրանք, ապա տպել եւ հանձնել ՔՊ խմբակցությանը` կարդալու։
Դատախազություն դիմելուց առաջ պատգամավորի փաստաբանը գրություններ է ուղարկել Հակակոռուպցիոն կոմիտեի քննչական վարչության պետի տեղակալ Գեղամ Մարգարյանին, պարզաբանում պահանջել՝ երբ, ինչու եւ ում է տրամադրվել հեռախոսը, ինչու է խախտվել Քրդատօրենսգիրքը, քննչական գործողությունների ընթացքում ձեռք բերված մասնավոր եւ ընտանեկան կյանքին վերաբերող գաղտնի տեղեկություններն ինչու եւ ինչպես են տրամադրվել այլ անձի: Դիմել է նաեւ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին՝ արդյո՞ք Հակակոռուպցիոն կոմիտեից ԱԱԾ-ն քննչական հանձնարարություն է ստացել՝ պատգամավորի հեռախոսը թվային խուզարկության ենթարկելու մասին, եթե այո՝ իրեն տրամադրել այդ փաստաթուղթը:
Ինչպես նաեւ՝ թե խուզարկության արդյունքում արդյո՞ք ԱԱԾ-ն հայտնաբերել է պետական անվտանգության սպառնալիքներ, եթե այո՝ ինչ գործողություններ են արվել, միջնորդությամբ դիմե՞լ են գլխավոր դատախազին՝ վարույթ նախաձեռնելու համար, եթե՝ ոչ, ինչու։ Սակայն 2 կառույցից էլ պատասխան չեն ստացել եւ դիմել են Գլխավոր դատախազություն: