9 Փետրվարի, 2023

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ հաճախ բնական աղետներն իրենց ուրույն հետևանքներն են թողնում նաև քաղաքական որոշակի ուղղությունների վրա։ Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժը ևս բացառություն չէ: Միայն Թուրքիայում 10 նահանգ է տուժել, որոնց ընդհանուր բնակչությունը մոտ 13 միլիոն է կազմում: Խոշորամասշտաբ ավերածությունները և դրանց արդյունքում հազարավոր զոհերը ցույց տվեցին, որ Թուրքիան, մեծ հաշվով, պատրաստ չէր նման աղետի։ Իսկ այն ռեսուրսները, որոնք կարող էին դրվել երկիրը աղետներից պաշտպանելու և մարդկանց կյանքի որակը բարձրացնելու ուղղությամբ, թուրքական իշխանությունները մեծ հաշվով ներդրել են ռազմական և արտաքին քաղաքական ոլորտում թուրքական ազդեցությունն ընդլայնելու և պանթուրքական ու նեոօսմանական ծրագրերն իրականացնելու ուղղությամբ։

Բացի դրանից, երկրաշարժից տուժած շրջանները տարիների ընթացքում ավելի քիչ ուշադրության են արժանացել իշխանությունների կողմից, դրա արդյունքում էլ այս նահանգներն ավելի քիչ են զարգացած, քան երկրի արևմտյան նահանգները, որտեղ անհամեմատ խոշոր ծրագրեր են իրականացվել։

Բնականաբար, աղետը նաև էական ազդեցություն կունենա Թուրքիայի ներքաղաքական կյանքի վրա, քանի որ մայիսին Թուրքիայում սպասվում են նախագահական ընտրություններ, որոնց արդյունքները կարող են վճռորոշ նշանակություն ունենալ Թուրքիայի ճակատագրի վրա։ Ուստի, գործող նախագահ Էրդողանը արդեն իսկ սկսել է միջազգային օգնությունները և աղետի գոտում մեկնարկած աշխատանքներն օգտագործել իր վարկանիշը բարձրացնելու համար, որը վերջին ամիսներին բավականին իջել է։ Նա փորձում է ցույց տալ, թե վերականգնումն արդեն իսկ սկսվել է և արագ թափով ընթանում է, և միայն իր իշխանության ջանքերի արդյունքում է հնարավոր վերացնել աղետի հետևանքները։

Միաժամանակ, մամուլում տեղեկություններ են տարածվում, որ աղետից տուժած քրդական բնակավայրերը վերականգնման համար ավելի քիչ ուշադրության են արժանանում, քան թուրքականները։ Մյուս կողմից էլ՝ ուշադրության է արժանանում այն հանգամանքը, որ Թուրքիայի՝ աղետի ենթարկված տարածքներում չկան անհրաժեշտ քանակությամբ վրաններ ու կազմակերպված կացարաններ՝ անօթևան մնացած մարդկանց ապահովելու համար։ Իսկ պետությունը չի կարողանում ամբողջապես վերահսկել իրավիճակը, և դա է պատճառը, որ համացանցում տարածվում են տարբեր տեսանյութեր և կադրեր այն մասին, թե ինչպես են բազմաթիվ անձինք թալանում խանութները։ Երկրաշարժը նաև մեծ ազդեցություն է ունենում Թուրքիայի տնտեսության վրա, քանի որ զբոսաշրջությունը, որը փաստացի մեծ եկամուտներ էր ապահովում Թուրքիային, կանգնել է, իսկ առանց այն էլ արժեզրկված լիրայի փոխարժեքը շարունակում է անկում գրանցել, դրան զուգահեռ թուրքական շուկայում գնաճը նոր ռեկորդներ է սահմանում»։

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում: 

kotayk

Լրահոս