«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ ՀՀ Ազգային ժողովը 2024 թվականի նոյեմբերի 22-ին պայմանագիր է կնքել «Սիլ Ինշուրանս» ՓԲԸ-ի հետ եւ ձեռք է բերել փոխադրամիջոցների հետ կապված ապահովագրական ծառայություններ։ Այս պայմանագրով Ազգային ժողովն ապահովագրել է 41 մեքենա։
Սա տարօրինակ չէր լինի, եթե Փաշինյանը գրիչը ձեռքին եթերում չպակասեցներ ծառայողական մեքենաների քանակը, եւ Ալեն Սիմոնյանն էլ, նրանից ոգեւորված, չգրեր, թե.
«ՀՀ ԱԺ-ն մինչ հեղափոխությունը՝ 2018 թվականի սկզբին, ունեցել է 81 տրանսպորտային միջոց՝ հետագայում կրճատելով դրանք:
• 2018 թ. – 10 ավտոմեքենա,
• 2019 թ. – 4 ավտոմեքենա,
• 2020 թ. – 3 ավտոմեքենա,
• 2021 թ. -17 ավտոմեքենա,
• 2022 թ. – 2 ավտոմեքենա,
• 2023 թ. – 3 ավտոմեքենա,
• 2024 թվականին մեկնարկել է եւս 12 ավտոմեքենայի կրճատման գործընթացը, որն ավարտին կհասցվի տարեվերջին։
Իսկ 2025 թվականի սկզբին ՀՀ ԱԺ-ն կունենա ընդամենը 30 տրանսպորտային միջոց:
• Կրկին՝ 2018 թ. – 81 մեքենա,
• 2025 թ. – 30 մեքենա»:
Բայց ԱԺ նախագահի հայտարարությունը, կարծես, հենց իր կողմից նշանակված աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը չի կարդում, եւ մեկ ամիս հետո 30 ավտոմեքենա ունեցող ԱԺ-ի համար 41 ավտոմեքենայի ապահովագրություն է անում:
Այս հարցերի պատասխանը փորձեցինք պարզել Ազգային ժողովից, որտեղից Սիմոնյանի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը պարզաբանեց հետեւյալը. «Պայմանն այսպես է. ԱԺ-ն հայտարարում է տենդեռ (նկատի ունի մրցույթ-խմբ.), հաղթողը ճանաչվում է, բայց դա սկսվում է կիրարկվել, երբ գումար ենք դնում, մենք այժմ որեւէ գումար չենք վճարել, իսկ գումարն արդեն կփոխանցվի 30 մեքենայի համար»:
Կարճ ասած՝ պայմանագիրը կնքված է, գումարը փոխանցված չէ: Բայց եթե Դավիթ Առաքելյանն իր ԳԱԱ արհեստական կրթություն հիշեցնող դիպլոմը ստանար ավելի վաղ, քան պաշտոնի ստանձնումը, գուցե ավելի խելամիտ լիներ եւ մեքենաները կրճատելուց հետո՝ նոր մնացածը ապահովագրեր»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: