19 Մարտի, 2025
ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության համակարգող՝ Էդգար Հովհաննիսյանը գրել է
«Արփինե Սարգսյանը և նախկինները:
Տեսնելով, թե ինչպես է տապալվում ոստիկանության աշխատանքը նորանշանակ նախարար Արփինե Սարգսյանի ղեկավարման ներքո, տպավորություն է ստեղծվում, որ Արփինեն ամեն ինչում մերժում է նախկին կառավարությանը (այսուհետ նախկեններ), ինչի հետևանքով քաղաքացիներին պատճառվում է դրամական վնաս և անհարմարություններ:
Բանն այն է, որ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստորաբաժանումները «հեղափոխական» Հայաստանում քաղաքացիների անձնագրերը տրամադրելիս արհամարհում են նախկինների օրինական ուժ ունեցող որոշումը և, անձնագրերը տրամադրելիս, քաղաքացիների անգլերեն լեզվով անունները արտատպում են տառացիորեն անգլերեն տառերով, ինչի հետևանքով քաղաքացիները ստիպված են այցելել ՀՀ ԿԳՄՍ-ի լեզվի կոմիտե, վերցնել իրենց անունները անգլերեն լեզվով ճիշտ գրվելու մասին տեղեկանքը ու կրկին վճարել նոր անձնագրի կազմի համար։ Սա այն դեպքում, երբ ՀՀ ՆԳՆ արդեն իսկ պարտավոր էր ունենալ համապատասխան շտեմարան:
Հ.Գ. ՀՀ կառավարության 23.06.2017 թ. թիվ 725-Ն որոշմամբ՝ ՀՀ քաղաքացու անձնագրում և նույնականացման քարտում անվան և ազգանվան անգլերեն, ինչպես նաև անվան, ազգանվան և հայրանվան հայերեն ամրագրման կարգը սահմանելու մասին որոշման, համապատասխան հավելվածի 7-րդ կետի պահանջների համաձայն՝ քաղաքացու կողմից տառադարձման վերաբերյալ անհամաձայնություն հայտնելու դեպքում հիմք է ընդունվում ՀՀ ԿԳՄՍ-ի լեզվի կոմիտեի (այսուհետ՝ Լեզվի կոմիտե) կողմից տրված տեղեկանքը` անձի նախընտրած տարբերակով իր անունը և (կամ) ազգանունը գրելու հնարավորության վերաբերյալ:
Իսկ 8-րդ կետի համաձայն՝ սույն կարգի 7-րդ կետով նախատեսված տեղեկանքը Լեզվի կոմիտեից ստանալու պարտականությունը կրում է ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը (այսուհետ՝ ծառայություն): Ծառայության կողմից կատարվող հարցմանը կցելու նպատակով քաղաքացին կարող է ներկայացնել լրացուցիչ փաստաթղթեր` իր անհամաձայնությունը հիմնավորելու համար: Ծառայության հարցումն ստանալուց հետո Լեզվի կոմիտեն անձի նախընտրած տարբերակով իր անունը և (կամ) ազգանունը գրելու հնարավորության վերաբերյալ տեղեկանքը ներկայացնում է 5 աշխատանքային օրվա ընթացքում: Տեղեկանքների հիման վրա ծառայությունում ստեղծվում է շտեմարան՝ նմանօրինակ դեպքերում կրկնակի հարցումներ չկատարելու և այդ շտեմարանով առաջնորդվելու նպատակով»:

Լրահոս