19 Մարտի, 2025

ՊԵԿ նախագահ էդուարդ Հակոբյանը վստահեցնում է՝ տնտեսվարողների նկատմամբ տեռոր, որպես այդպիսին, չկա։

«Հարկային տեռորը նշանակում է, որ մենք ինչ-որ անօրինական կամ ավելորդ գործողություններով փորձում ենք միջամտել և խանգարել տնտեսվարողի կյանքին, որպեսզի մաքսիմալ հարկային եկամուտ հավաքագրենք։ Իսկ այն, ինչ որ տեղի է ունենում հիմա, դրանք սովորական մեր գործիքակազմով ստուգումներ են՝ բոլոր ուղղություններով»,- լրագրողների հետ զրույցում ասաց էդուարդ Հակոբյանը՝ անդրադառնալով լուրերին, ըստ որոնց ՊԵԿ-ը հարկային տեռոր է անում հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի ընկերություններում և մասշտաբային ստուգումներ է սկսել, բավականին խոշոր գումար է պահանջել, գործարարը մերժել է, և սկսել է ստուգումները:

«Մենք նման ազդակ չունենք, որ տեռոր կա։ Եթե կան նման ազդակներ, խնդրում եմ անձամբ ուղարկեք ինձ, ես ինքս այդ հարցով կզբաղվեմ։ Ինչպես բոլոր բիզնեսներում, մենք ունենք ստուգումների թիրախային ծրագիր, որը տարվա համար սահմանվում է և, եթե բացահայտվում են ռիսկեր, ստուգումներ են իրականացնում ու ըստ դրա բացահայտվում են»,- ասաց նա:

Անդրադառնալով տեսակետին, որ պատճառը բյուջեի դեֆիցիտն է, որի համար էլ «քերթում» են գործարարին, ՊԵԿ նախագահն ասաց. «Ո՛չ, չենք քերթում, բացարձակ նման երևույթ չկա: Դուք հիմա ուղղակի սրում եք հարցը` պարբերաբար բառեր օգտագործելով: Մենք տնտեսվարողներին և բոլորին վերաբերում ենք որպես մեր ընտանիքի անդամներ, մենք փորձում ենք մեր ծառայությունը մաքսիմալ մարդակենտրոն դարձնել: Եվ հետևաբար քերթելու մասին խոսելը կարելի է ինչ-որ անեկդոտ կամ հեքիաթ պատմելու ժամանակ»:

Լրահոս