25 Մայիսի, 2024

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Երեկ Նիկոլ Փաշինյանը Երեւանում ներկա է գտնվել «Երեմյան Փրոջեքթս» ընկերության կաթնամթերքի արտադրության ժամանակակից գործարանի բացմանը։

Նա «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի, Երեւանի քաղաքապետի ուղեկցությամբ շրջել է գործարանում, ծանոթացել ստեղծված պայմաններին եւ արտադրական հզորություններին:

Իհարկե, իշխանական բարեհաճությունը Երեմյանների նկատմամբ նոր չէ: Հայաստանից որեւէ պատվիրակություն չի հեռանում առանց Երեմյաններին պատկանող ռեստորաններում ճաշելու։

«Հայր եւ որդի Երեմյաններ» ընկերության հետ 5 տարում մինչեւ 5 մլն արժողությամբ՝ 200-ից ավելի պայմանագրեր են կնքվել. սա վկայում են պետական գնումների կայքի արձանագրությունները։

16 ռեստորան ունեցող «Երեմյան փրոջեքթս» ընկերության հիմնադիրը եւ տնօրենը Դավիթ Երեմյանն է, որը շատ ջերմ հարաբերությունների մեջ է իշխանությունների հետ եւ պահը բաց չի թողնում պետությունից ֆինանսավորվելու։

Հավելենք, որ երբեմնի փառասեր Երեմյանները, 2023 թվականի սեպտեմբերին կայացած Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ, ստիպողաբար իրենց աշխատողներին «դարձրել» էին վարչական լծակի մի մաս՝ նրանց բերելով իշխող խմբակցության քարոզարշավի հանրահավաքին։ Ավելին՝ ՔՊ նախընտրական քարոզարշավի մեկնարկին նախորդած երեկույթի ընթացքում 2.5 մլն դրամ փոխանցած 140 նվիրատուներից առնվազն 8-ը աշխատում են «Երեմյան փրոջեքթսում»: «Երեմյան փրոջեքթսի»՝ ՔՊ-ին նվիրատվություն անելու շուրջ միավորված անձանց մեծ մասը, ի դեպ, զբաղեցնում են ընկերության ղեկավար պաշտոններ, սակայն երբ լրագրողները նրանց դիմել են, «անտեղյակ» են եղել, որ իրենց անունով կատարվել են գործարքներ: Ահա, հենց սա է «պոզով, պոչով կոռուպցիան»։

Ի դեպ, երեկ մեկնարկած՝ «Երեմյան փրոջեքթսի» գործարանի կառուցման աշխատանքները իրականացվել են ՀՀ կառավարության, Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) եւ «Երեմյան ֆարմի» միջեւ համագործակցության հուշագրի ստորագրմամբ՝ ներդրումային խոշոր նախագծի շրջանակում: Հավելենք, որ «Երեմյան փրոջեքթսը» 2018 թվականին կրկին Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) կողմից ֆինանսավորվելով 25 մլն դոլարով՝ Տաշիր համայնքում անասնաբուծական նոր համալիր է կառուցել։

Հետաքրքիրն այն է, որ գրեթե ոչ մի մասնավոր ընկերություն, որքան էլ կարեւոր լինի ՀՀ տնտեսության համար, նման մեծ քանակի աջակցություն չի ստացել պետությունից»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

kotayk

Լրահոս