«Փաստ» օրաթերթը գրում է.
«Աշխարհում ինտենսիվ մրցակցություն և պայքար է ընթանում այնպիսի խոշոր աշխարհաքաղաքական կենտրոնների միջև, ինչպիսիք են հավաքական Արևմուտքը, Ռուսաստանը և Չինաստանը։ Եվ Արևմուտքը ԱՄՆ-ի գլխավորությամբ ձգտում է կանխել Ռուսաստանի ու Չինաստանի ազդեցության ընդլայնումը և զսպել նրանց աշխարհաքաղաքական հավակնությունները։ Պեկինի և Վաշինգտոնի հարաբերություններում լարվածությունը հիմնականում դեռևս զգացվում է տնտեսական և տեխնոլոգիական ոլորտում Չինաստանի նկատմամբ սահմանափակումներով։
Սակայն բացառված չէ առաջիկա տարիներին Չինաստանի կողմից ներխուժումը Թայվան, որի արդյունքում փորձագետները անհավանական չեն համարում անգամ Չինաստան-Արևմուտք ռազմական բախումը։ Իսկ ինչ վերաբերում է Մոսկվայի և Արևմուտքի հարաբերություններին, ապա դրանք հասել են պատմական նվազագույնի, Ռուսաստանի նկատմամբ կոշտ պատժամիջոցներ են սահմանվել, իսկ ռազմական գործողություններն Ուկրաինայում շարունակվում են։
Փաստացի Ուկրաինան ամբողջովին հայտնվել է Արևմուտքի և Ռուսաստանի շահերի բախման տիրույթում, սակայն բացառված չէ, որ այլ երկրներ ևս դառնան աշխարհաքաղաքական հակասությունների թիրախ։ Եվ պատահական չէ, որ Ուկրաինայից հնչում են ցանկություններ Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու անհրաժեշտության վերաբերյալ։ Ուստի, Մոսկվայի և Արևմուտքի միջև հարաբերությունների սրացման հետ կապված՝ Հայաստանն անմիջականորեն կանգնած է աշխարհաքաղաքական բախման թատերաբեմ դառնալու պոտենցիալ վտանգի առաջ։
Եվ այդ է պատճառը, որ պաշտոնական Երևանը տարիներ շարունակ փորձել է փոխլրացնող քաղաքականություն վարել և խուսափել աշխարհաքաղաքական առճակատման դաշտ դառնալուց։ Դրա համար էլ Հայաստանը ոչ թե «կա՛մ, կա՛մ»-ի քաղաքականությամբ առաջնորդվեց, այլ որդեգրեց «և՛, և՛»-ի քաղաքականությունը՝ ձգտելով գտնել այն տիրույթը, որտեղ աշխարհաքաղաքական տարբեր ուժերի շահերը կարող են ոչ թե բախվել, այլ համընկնել։ Այսպիսի հետևողական քաղաքականության արդյունքում էր, որ Հայաստանը ոչ միայն աշխարհաքաղաքական բախման թատերաբեմ չդարձավ, այլ ԵՏՄ անդամ դառնալով հանդերձ՝ 2017 թվականին կարողացավ ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագիր ստորագրել»։
Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում: