18 Դեկտեմբերի, 2024
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Միքայել Խաչատրյանը անդրադարձել էր Երևանում գովազդի նոր չափորոշիչների վերաբերյալ տնտեսվարողների կողմից առաջ քաշվող հարցերին՝ նշելով, որ սահմանված նորմերին չհամապատասխանող վահանակները հանվել են և հետայսու նույնպես կապամոնտաժվեն:

Եվ ահա այս իրավիճակի հետ չի հաշտվում «Աթենք» մսամթերքի խանութը:

«Աթենք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անունից Հայկ Հայրապետյանը Հայաստանի Հանրապետության վարչական դատարան հայց է ներկայացրել ու խնդրել դատարանին՝ պարտավորեցնել պատասխանողին ձեռնպահ մնալ ք. Երևան, Կիևյան 7 շենք 111 տարածք հասցեում գտնվող «Աթենք ֆիրմային խանութ» գրվածքն ապամոնտաժելու գործողություններ իրականացնելուց:

Միաժամանակ միջնորդել է կիրառել հայցի ապահովման միջոց, այն է՝ արգելել պատասխանողին կատարել ք. Երևան, Կիևյան 7 շենք 111 տարածքի հասցեում գտնվող «Աթենք ֆիրմային խանութ» գրվածքն ապամոնտաժելու գործողություններ՝ պատճառաբանելով, որ հայցի ապահովման միջոց չկիրառելն էական վնաս կպատճառի հայցվորին:

Մասնավորապես, «Աթենք ֆիրմային խանութ» գրվածքի բացակայության պայմաններում անձինք չեն տեղեկանա, որ նշված հասցեում գտնվում է «Աթենք» ֆիրմային խանութը, որի արդյունքում չեն հաճախի տվյալ խանութ, և ընկերությունը կկրի վնասներ: Բացի դրանից, «Աթենք ֆիրմային խանութ» գրվածքը չի հանդիսանում արտաքին գովազդ, այլ խանութի գտնվելու մասին տեղեկացում է:

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց «Աթենք» ՍՊԸ՝ հասկանալու համար, թե ինչու է ընկերությունը ընդդիմանում քաղաքապետարանի որոշումներին, ի պատասխան՝ ընկերության փաստաբան Հայկ Հայրապետյանը նշեց. «Երևանի քաղաքապետարանը իրականացրել է վարչարարություն՝ հիմք ընդունելով այդ թվում գովազդի և ծառայութունների մասին օրենքը, սակայն մենք՝ ի դեմս «Աթենք» ընկերության, համաձայն չենք օրենքի նման մեկնաբանությանը և գտնում ենք, որ ապամոնտաժումը ոչ իրավաչափ է և իրացնում ենք մեր իրավունքները, այն է՝ վիճարկում ենք վարչական մարմնի կողմից իրականացրած վարչարարությունը՝ այդ թվում դատական կարգով»:
Տեսնենք՝ ինչով կավարտվի վեճը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս