«Հրապարակ» թերթը գրում է.
Ատոմ Ջանջուղազյանը, որն Ազգային ժողովի կողմից ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ է ընտրվել 2022 թ. մարտի 2-ին, հետագայում խախտել է ՀՀ Սահմանադրության եւ «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքով սահմանված ընթացակարգը եւ փաստացի ապօրինաբար է նախագահում պալատը։ Սակայն ե՛ւ ԱԺ ղեկավարությունը, ե՛ւ ՀՀ վարչապետը աչք են փակում այս փաստի վրա։ Կարեւորը Ջանջուղազյանի անձնական նվիրվածությունն է ՔՊ-ին, ինչին առայժմ ոչ ոք չի կասկածում։ Նրա թերացումների վրա աչք են փակում, նրա «հագով» օրենք են «կարում», որը պաշտպանում է անմահ Ատոմի շահերը եւ օգնում է նրան ազատվել անցանկալի աշխատողներից՝այսպիսով հանրային ֆինանսների, պետբյուջեի, հանրային այլ միջոցների ծախսման նկատմամբ վերահսկողությունը թողնելով յուրայինների վրա։
Բանն այն է, որ, ՀՀ Սահմանադրության համաձայն, Հաշվեքննիչ պալատի նախագահը եւ մյուս անդամներն ընտրվում են 6 տարի ժամկետով, իսկ «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքով՝ Հաշվեքննիչ պալատի անդամի վաղաժամկետ թափուր տեղ առաջանալու դեպքում Պալատի նախագահն այդ մասին հինգ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է Ազգային ժողովին (17-րդ հոդվածի 2-րդ մաս): Այս դեպքում Հաշվեքննիչ պալատի նոր անդամը, իսկ նախագահը պալատի 7 անդամներից մեկն է, ընտրվում է նախկին անդամի պաշտոնավարման չլրացած ժամկետով:
Սա նշանակում է, որ Ատոմ Ջանջուղազյանն ընտրվել է նախկին անդամի պաշտոնավարման չլրացած ժամկետով, եւ այն լրանալուն պես պետք է նոր ընտրություն լիներ։ Ինչպես հայտնի է, Պալատի նախկին նախագահ Լեւոն Յոլյանը հրաժարական էր տվել հունվարի 19-ին, ինչպես ինքն էր բացատրել՝ «անձնական նկատառումներով»։ Նրա պաշտոնավարման 6 տարին լրանում էր 2023 թվականի փետրվարին։ Սա նշանակում է, որ, օրենքով, Ատոմ Ջանջուղազյանը պետք է պաշտոնավարեր մինչեւ 2023 թվականի փետրվարը, եւ դրանից հետո նոր ընտրություն պետք է լիներ։
Ավելին՝ «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքը սահմանում է նաեւ, որ պաշտոնավարման ժամկետը լրանալուց 100 օր առաջ Հաշվեքննիչ պալատի նախագահն այդ մասին պետք է տեղեկացներ Ազգային ժողովին: Սակայն Ատոմ Ջանջուղազյանն անտեսել է օրենքի բոլոր այս պահանջները, նոր ընտրության չի գնացել՝ արհեստականորեն երկարաձգելով սեփական պաշտոնավարումը մինչեւ 2028 թվականը։ Փոխարենը, նա բավականին խիստ է իր աշխատակիցների՝ հատկապես կրտսեր եւ միջին օղակների հաշվեքննիչների նկատմամբ։ Արդեն անդրադարձել ենք Հաշվեքննիչ պալատում տիրող լարված մթնոլորտին, գրել, որ առաջիկա ամիսներին պալատի մոտ 30 աշխատողներ կկորցնեն աշխատանքը։
Բանն այն է, որ «Հաշվեքննիչ պալատի մասին» նոր օրենքը հաշվեքննիչների համար նոր՝ խստացված պահանջներ է սահմանում։ Նրանք՝ բոլորը, կրտսեր հաշվեքննիչից մինչեւ պալատի անդամներ, պետք է ունենան աուդիտորի որակավորում։ Նախկին օրենքով, որը գործել է մինչեւ 11.06.2024 թվականը, աուդիտորի որակավորումը պարտադիր էր միայն Պալատի նախագահի, անդամների, վարչության պետերի եւ նրանց տեղակալների համար։ Նոր օրենքով՝ աուդիտորի որակավորումը պարտադիր է բոլոր հաշվեքննիչների համար, ներառյալ կրտսեր անձնակազմը։ Եթե աշխատողը չունի աուդիտորի որակավորում, չի հանձնել համապատասխան քննությունը, ապա նոր օրենքի 60-րդ հոդվածով նա ազատվում է աշխատանքից։
Անարդարությունն այն է, որ, ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածով, անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները եւ այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն: Որպես անձի իրավական վիճակը վատթարացնող դրույթ՝ աուդիտորի որակավորում ունենալու պահանջը պետք է կիրառվեր միայն նոր աշխատողների նկատմամբ, այլ ոչ թե ստաժավոր հաշվեքննիչների, որոնք տարիներ շարունակ մասնագիտացել են հանրային միջոցների վերահսկման ոլորտում, որոնց որոշումներով միլիոնավոր միջոցներ են վերադարձվել պետությանը, տոննայով քրեական գործեր են հարուցվել` վատնումների, չարաշահումների, յուրացման հոդվածներով։
Բայց Ատոմ Ջանջուղազյանը փաթաթել, մի կողմ է դրել Սահմանադրությունը, եւ մոտ 30 հաշվեքննիչի ծանուցումներ են ուղարկվել առ այն, որ օրենքի այսինչ կետը չապահովելու դեպքում աուդիտի որակավորման քննությունը չանցած աշխատողները դեկտեմբերի 11-ից ազատվելու են աշխատանքից։ Իսկ միջազգային աուդիտի ստանդարտները, ՍՊԸ ստուգելը, մասնավոր բիզնեսի հաշվապահությունը երբեք պարտադիր չեն եղել սովորական հաշվեքննիչների համար։ Ամռանը նրանք արդեն չեն կարողացել հաղթահարել քննությունը։
Հաջորդը կարող է կազմակերպվել միայն հունվարին, բայց արդեն դեկտեմբերին հաշվեքննիչները կորցնելու են աշխատանքը։ Ի դեպ, այդ քննություններն անցկացվում են ոչ թե պետական մարմնի կողմից, այլ հասարակական կառույցի՝ «Հայաստանի աուդիտորների միություն» ՀԿ-ի, որը լիցենզավորվել է նույն Ատոմ Ջանջուղազյանի կողմից, երբ նա դեռ ֆինանսների նախարարն էր։ Այս կազմակերպությունը բավականին տարօրինակ ընթացակարգ ունի։ Հավակնորդները, որոնք արդեն հանձնել են քննությունը, չեն կարող տեսնել իրենց թերթիկները, դուրս բերել դրանք քննական սենյակներից, իսկ եթե բողոքարկում են, ապա պետք է 10 հազար դրամ վճարեն։
Այժմ Հաշվեքննիչ պալատի աշխատողների շրջանում խուլ դժգոհություն է առաջացել։ Շատերը պատրաստվում են դիմել դատարան։ Աղմուկից խուսափելու համար Պալատում նոր հնարքի են գնացել։ Ատոմ Ջանջուղազյանի ստորագրությամբ գրություն է ուղարկվել Աուդիտորների պալատ, որով վերջինս խնդրում է թույլատրել հաշվեքննիչներին իրենց հաշվին, այսինքն՝ վճարովի հիմունքներով քննություն հանձնել։ Աշխատակիցների մի մասը համաձայն է, մյուս մասը՝ ոչ։ Հետաքրքիր իրավիճակ է ստացվում, որին մենք կհետեւենք։ 30 հոգի գնալու են քննություն հանձնեն, կտրվեն ու դեռ մի բան էլ վճարեն դրա դիմաց։
ՀԳ․ Մենք փորձեցինք պարզաբանումներ ստանալ Հաշվեքննիչ պալատից, բայց պարզվեց՝ Պալատը մամուլի պատասխանատու չունի։ Ատոմ Ջանջուղազյանի հեռախոսահամարն էլ գաղտնիքի 7 կողպեքով կողպված է։ Բայց պատրաստ ենք լսել նաեւ Պալատի նախագահի տեսակետը։