«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ապրիլի վերջին հանդիպել էր «Հայկական համալսարանի» ուսանողների և դասախոսների հետ ու պատասխանել նրանց հարցերին։ Երկրորդ նախագահի էջում տեղադրվել էր հանդիպման մասին հարցուպատասխանի մեկ ժամանոց տեսանյութ, որը տարբեր լրատվամիջոցներ հրապարակեցին՝ թե՛ ամբողջությամբ, թե՛ հատվածաբար։
Եվ այսպես, մեր դիտարկումը ցույց տվեց, որ երկրորդ նախագահի հետ հարցուպատասխանը, որն ամբողջական և հատվածաբար տեղադրել էին News.am, 5-րդ ալիք, 168.am, 24News.am, Yerevan.Today, Yerkir. am, Hayeli.am, Aravot.am, Politik.am կայքերում, ինչպես նաև Քոչարյանի պաշտոնական սոցիալական էջերում, ընդհանուր առմամբ ունեցել է ավելի քան 2,5 մլն դիտում։ Նշենք, որ այլ լրատվամիջոցներ կամ հարթակներ ևս, ամենայն հավանականությամբ, տեղադրած կլինեն այդ տեսանյութերը, սակայն մենք դիտարկել ենք հիմնական քաղաքական հարթակները: Ի՞նչի մասին է խոսում այս ցուցանիշը: Ստացվում է, որ փաստացի, երկրորդ նախագահի խոսքի հանդեպ հետաքրքրությունը չի նվազել, չնայած նրան, որ նախորդ ասուլիսի և այս հանդիպման միջև ընդամենը երկու ամիս է, իսկ քնարկված բոլոր թեմաներին ասուլիսում անդրադարձ կատարվել էր։ Ի դեպ, հետաքրքիր է, որ դիտումների քանակից բացի, հավանումներն ու դրական մեկնաբանությունները ևս գերակշռում էին։