6 Մայիսի, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս տարվա հունվարից մայրաքաղաքում փոփոխվել են աղբահանության վճարի դրույքաչափերը, ավելի ստույգ՝ անձի հաշվարկից անցում է կատարվել քառակուսի մետրով հաշվարկի: Սակայն անցած չորս ամսվա ընթացքում քաղաքացիները չեն կարողանում վճարումներ կատարել վճարահաշվարկային տերմինալներով կամ բանկերի հավելվածներով, որովհետև հաշվարկները դեռ չկան, իսկ Հայփոստում էլ վճարում կատարելու պարագայում պետք է մոտարկված գումար վճարեն:

Մեզ հաճախ են դիմում քաղաքացիներ՝ հետաքրքրվելով, թե ե՞րբ հնարավորություն կունենան վճարումներ կատարելու, երկրորդ՝ նախորդ ամիսների՝ ոչ իրենց մեղքով չվճարված գումարները պետք է վճարեն միանգամի՞ց, թե՞ կարող են կուտակված պարտքը մարել մաս-մաս:

Երևանի քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Դավիթ Հակոբյանը «Փաստի» հետ զրույցում նախ հիշեցնում է, որ աղբահանության նոր դրույքաչափը վերաբերում է միայն բնակելի նշանակության շինություններին, այսինքն՝ բնակարաններին, անհատական բնակելի տներին: «Հասարակական, արտադրական օբյեկտների մասով գործում են նախկին դրույքաչափերը: Բնակելի շինությունների պարագայում դրույքաչափը սահմանվել է 13 դրամ մեկ քառակուսի մետրի համար»,-ասում է Հակոբյանը:

Նշում է՝ այս ընթացքում օնլայն վճարային համակարգերի միջոցով հնարավոր չէր վճարում կատարել, բայց բազմաթիվ մարդիկ, կատարելով սեփական հաշվարկները, վճարումներ են կատարել: «Ուրբաթ օրվանից սկսած հնարավոր կլինի վճարում կատարել «Հայփոստի» բոլոր մասնաճյուղերում (հաշվի առնելով, որ ուրբաթը ոչ աշխատանքային է, ենթադրելի է, որ երկուշաբթի օրվանից-խմբ.): Կարող են նաև մոտենալ, վարչական շրջաններից տեղեկանք վերցնել, թե որքան է իրենց պարտավորության չափը և կատարել վճարումը: Հանդիպում ենք ունեցել Բանկերի միությունում, որպեսզի բանկերը հնարավորինս շուտ ինտեգրվեն այս համակարգին: Խոստացել են՝ 1-2 ամսվա մեջ կինտեգրվեն համակարգին, և բանկային հավելվածներով ևս մեր քաղաքացիները հնարավորություն կունենան իրենց վճարումները կատարել»,-հավելում է նա:
Պետության առջև կուտակված չորսամսյա, ըստ էության՝ ավելի շատ ամիսների պարտավորությունները մարելու ժամկետների և հնարավոր տույժերի մասով Հակոբյանն արձագանքում է. «Նախ՝ արտոնություն ենք սահմանել և մինչև մայիսի 1-ը տույժեր չեն գործի: Այս պահին նախագիծ ենք շրջանառում, որպեսզի տույժերի արտոնությունների մասով մի փոքր ավելի երկար ժամանակահատված տրամադրենք քաղաքացիներին վճարումներ կատարելու համար: Քաղաքացիները կարող են այս ամիս, օրինակ՝ եռամսյակային վճարում կատարել, նրանց ապրիլ ամսվա վճարի դեպքում այս պահին տույժ չի գործում: Հաջորդ վճարումն էլ կատարել, օրինակ՝ հուլիսի 1-ին: Այնուամենայնիվ, ավելի շատ ժամանակահատված կտրամադրենք քաղաքացիներին: Գուցե լինեն մարդիկ, որոնց հարմար է վճարել բացառապես օնլայն համակարգով և այսպես շարունակ: Ամեն դեպքում քաղաքացիներին 2-3 ամսվա միջանկյալ ժամկետ կտրվի նախորդ ամիսների վճարումները կատարելու և հունի մեջ ընկնելու համար»,-եզրափակում է Դավիթ Հակոբյանը:

 

Լրահոս