31 Մարտի, 2023
«Հրապարակի» զրուցակիցը․
Երեւանի փոխքաղաքապետ, սպասվելիք ավագանու ընտրություններում քաղաքապետի ՔՊ թեկնածու Տիգրան Ավինյանն է։

– Պարոն Ավինյան, չար լեզուներն ասում են, որ Դուք ակտիվ մասնակցություն եք ունեցել Հրաչյա Սարգսյանի հրաժարականի հարցում, եւ դա այն պատճառով էր, որ արտահերթ ընտրություններ լինեն։ Այդպե՞ս է։

– Ոչ, այդպես չէ, պարոն Սարգսյանն իր հրաժարականը, կարծում եմ, իր հայտարարությամբ հիմնավորեց, եւ նաեւ ասեմ, որ արտահերթ ընտրությունների հետ կապված էլ, ըստ իրաբավանների, որոշակի խնդիրներ դեռեւս կան, որ պետք է պարզաբանել։ Մեր ավագանին որոշում ունի կայացրած, որ քաղաքապետի նոր թեկնածու այս կարճ ժամանակահատվածում չի առաջադրելու, եւ իրավաբանները պետք է հասկանան ու ասեն, թե ինչ ընթացակարգով պետք է շարժվենք, բայց վստահեցնում եմ Ձեզ, որ պարոն Հրաչյա Սարգսյանի հրաժարականն իր որոշումն է եղել։

– Բայց ընդդիմադիր իրավաբաններն էլ պնդում են, որ օրենքը թույլ չի տալիս ժամանակավոր պաշտոնակատարով հերթական ընտրությունների գնալը։

– Օրենքի տեսանկյունից խնդիրն այն է, որ, ի տարբերություն ՏԻՄ օրենքի, «Երեւանի մասին» օրենքը փաստացի կառավարությանը հնարավորություն չի տալիս ժամկետը կրճատել՝ ավագանու, եթե նոր քաղաքապետ չի ընտրվում։ Այսինքն՝ այդտեղ կա բաց, եւ պետք է հասկանալ՝ կա՛մ լրացնում ենք եւ գնում ենք ընտրությունների, կա՛մ ուղղակի թողնում ենք եւ հերթական ընտրությունների ենք գնում։ Իրականում էական չէ տարբերությունը՝ մի 2-3 ամսվա մասին է խոսքը։

․․․Մենք արտահերթի օրակարգ, որպես այդպիսին, հատուկ չունենք, այսինքն՝ իրավական հարցն ինչպես կկարգավորվի, ըստ այդմ էլ կկողմնորոշվենք։ Նաեւ էդպիսի անիմաստ սթրեսների էլ չենք ուզում ենթարկել, որովհետեւ նույն արտահերթի համար մեր ընդդիմադիր գործընկերները պետք է կարողանան պատրաստվել, եւ վստահ եմ, որ եթե արտահերթի մասին խոսք գնա, պետք է շատ նախօրոք տեղեկացնենք բոլորին, որ բոլորը նույն հավասար հնարավորությունն ունենան պատրաստվելու։

– Օրենքը 40 օրվա քարոզարշավ է նախատեսում, ենթադրվում է, որ ընդդիմադիրները պատրաստվելու ժամանակ կունենան։

– Չէ, ավելի կարճ, ինչքան գիտեմ արտահերթի քարոզարշավի ժամկետն էականորեն կարճ է հերթականից։ Ես վստահ եմ, որ եթե որոշում կայացվեր՝ գնալ արտահերթի, մեր ընդդիմադիր գործընկերները մեզ շատ-շատ մեղադրանքներ կներկայացնեին, այնուամենայնիվ, ես չեմ ուզում վերջնականապես բացառել այդ օրակարգը, բայց վստահեցնում եմ, որ եթե նույնիսկ այդ օրակարգն ունենանք, հնարավորինս այնպես կանենք, որ բոլորը հավասար պայմաններ ունենան եւ ժամանակ ունենան պատրաստվելու։

– ՔՊ-ն Ձեր թեկնածության մասին հայտարարեց դեռ 1.5 տարի առաջ, տպավորություն էր, որ Հրաչյա Սարգսյանի ընտրվելու ֆոնին փորձում էին համոզել, որ մեր թեկնածուն ավելի հայտնի է, ոչ բոլորին հայտնի Հրաչյա Սարգսյանը չի դառնալու քաղաքապետի թեկնածու։ Հիմա ինչ-որ փոփոխություններ կա՞ն, Դուք շարունակո՞ւմ եք ՔՊ թեկնածու լինել, քաղաքում խոսակցություններ կան, որ Ձեր մասով փոշմանել են, անգամ անուն է շրջանառվում։

– Քաղաքում միշտ կան խոսակցություններ, եւ այդ խոսակցություններին, կարելի է ասել, ես ականատես եմ եւ որոշ չափով, կամա թե ակամա, մասնակից եմ դառնում դեռեւս 2018 թվականից, բայց ուզում եմ վստահեցնել, որ այն, ինչ տեղի է ունեցել 2021-ի վերջին կամ 2022-ի սկզբին, տեղի է ունեցել վարչության նիստ, վարչության նիստում քննարկվել է ապագա քաղաքապետի հարցը, որովհետեւ իրականում ՔՊ-ն իշխող կուսակցությունն է եւ իր բոլոր գործողություններում եւ բոլոր ծրագրերում կարճաժամկետի տրամաբանությամբ չպետք է որոշումներ կայացնի եւ կայացնում է երկարաժամկետ տրամաբանությամբ։ Եվ կարծում եմ՝ դա բնական է, որովհետեւ նույնիսկ այսօր քաղաքապետարանն իրականացնում է դեռեւս 2017 թ․ «Ելք» դաշինքի նախընտրական ծրագրի, կարելի է ասել, հիմնական 90 տոկոսը։

– Ինչո՞ւ, չկա՞ նոր ծրագիր։

– Կա նոր ծրագիր, ավելի թարմացված, բայց ուզում եմ ասել, որ այն հիմքերը, որոնք այն ժամանակվանից ներդրվել են, այդ ծրագրերով ենք առաջնորդվում, եւ կարծում եմ՝ կառավարող ուժի համար ամենաճիշտ ուղին է՝ գործել երկարաժամկետ տրամաբանությամբ։

– Այսինքն՝ չե՞ք կարծում, որ հնարավոր է՝ նոր վարչության նիստ լինի, եւ նոր թեկնածուի անուն հնչի այդ նիստից հետո։

– Ես դա գրեթե բացառում եմ, որովհետեւ ես կարծում եմ, որ այս երկարաժամկետ տրամաբանությունը, որը ՔՊ-ն որդեգրել է, իրապես գրագետ եւ ճիշտ մոտեցում է կառավարող ուժի համար, եւ սա չեմ ասում միայն թեկնածուների դեպքում, էլ ավելի կարեւոր է ծրագրերի դեպքում։ Մենք նմանատիպ ո՛չ քննարկում ենք ունեցել, ո՛չ խնդիր ունենք, ո՛չ էլ երբեւէ Ձեր բարձրաձայնած հարցն արծարծվել է որոշումից հետո։

– Երկարաժամկետին անդրադառնանք․ Հայաստանում եւ Հայաստանի պես երկրներում մարդն իր գործունեության ընթացքում ռեյտինգ է կորցնում, հիմա Դուք ո՞նց եք գնահատում՝ Դուք ավելի շատ ռեյտինգ ունեիք մինչեւ նշանակվե՞լը, թե՞ հիմա, երբ փաստացի փոխքաղաքապետ եք՝ քաղաքապետի ֆունկցիաներով։

– Ինձ շատ դժվար կլինի ռեյտինգի մասին խոսել եւ գնահատական տալ։ Հարցումներ պարբերաբար, իհարկե, կատարում ենք, եւ, տարօրինակաբար, այդ հարցումներն էականորեն տարբերվում են էն հարցումներից, որոնք շրջանառվում են մամուլում։

– Իսկ ինչո՞ւ չեք տրամադրում ձեր հարցումները մամուլին։

– Ես կարծում եմ՝ կարող ենք եւ տրամադրել, ես այդտեղ խնդիր չեմ տեսնում։

– Վերջին հարցման ժամանակ ինչքա՞ն ռեյտինգ ու անտիռեյտինգ եք ունեցել։

– 44 տոկոս դրական ռեյտինգ եմ ունեցել, երեւի թե դա արվել է նախորդ տարվա վերջին, մնացածը չեմ կարող անգիր հիշել։ Բայց ռեյտինգն իրականում ոչ այնքան էական ցուցանիշ է, օրվա ռեյտինգը փոփոխական է, եւ այս կամ այն իրադարձության հետ կապված՝ գնում ա վերեւ, գնում ա ներքեւ, բայց ընտրության ժամանակ, այնուամենայնիվ, մարդիկ մի քիչ ավելի ընդհանրական են նայում եւ գնահատում են ամբողջական ժամանակահատվածի համար, ինչը, կարծում եմ, տրամաբանական է նաեւ ժողովրդավարության հիմքը։

– Այնպիսի տպավորություն է, որ Ձեր կարգախոսն է՝ ցանկացած փիառ փիառ է, անգամ՝ սեւը։ Բազմաթիվ օրինակներ կան՝ սակուրաներից մինչեւ «Սուրմալուում» քաղաքապետի թեկնածու ներկայանալը։

– Ես կարծում եմ, որ ցանկացած իրական գործողության, իրական աշխատանքից հետո կարող են լինել տարատեսակ քննարկումներ․ կարող է լինել նույն կատարված աշխատանքի սեւ փիառ, դրական փիառ։ Չարված գործի մասին է, որ չեն խոսում, հիմնականում խոսում են նրա մասին, ինչն արվում է։ Նույն՝ ծառերի փոխարինման ծրագիրը, որը Դուք նշում եք, մեկնարկել ենք այս տարվանից, քննարկել ենք գիտնականների հետ, ոլորտի մասնագետների հետ, գիտաժողով ենք անցկացրել, իրենք մեզնից միաբերան պահանջել են, որ հնացած, իրենց կյանքի ավարտին մոտեցող ծառերը փոխարինվեն Երեւան քաղաքում, ինչը բնական բան է։ Մենք, չնայելով փիառին, չնայելով ռեյտինգներին, չնայելով, թե մամուլը մեր մասին ինչ կգրի, կամ ինչքան կքննադատվենք, գտել ենք, որ ճիշտ ենք անում, եւ արել ենք դա եւ շարունակելու ենք անել։

– Չեմ կարող չանդրադառնալ շոուով ձեր փոխքաղաքապետին ձերբակալելու, աշխատակիցներին հարցաքննությունների կանչելու, մեղադրանք առաջադրելու փաստերին։ Տպավորություն է ստեղծվում, որ իրավապահ համակարգը Ձեր դեմ է պայքարում։ Սա այդ հայտնի ՔՊ-ի ներսի կռիվնե՞րն են։

– Ես այսպես ասեմ․ առաջին հերթին կարծում եմ, որեւէ մեկի անմեղության կանխավարկածը պետք է հարգել, եւ քանի դեռ որեւէ մեկը որեւէ բանի համար չի դատապարտվել, մենք դա պետք է հիշենք, եւ դա էլ որոշակի մշակույթ է, որ մեր մեջ պետք է ձեւավորել․ եթե մարդուն չեն դատապարտել, դա դեռ չի նշանակում, որ ինքը մեղավոր է։ Երկրորդ՝ իրավապահ համակարգի գործողությունները բազմաբնույթ են եւ միայն քաղաքապետարանի ներսին չեն վերաբերում, նաեւ թաղապետարաններում կան պրոցեսներ, նաեւ՝ նախարարություններում, ուղղակի կարող է ուշադրությունն այդքան կենտրոնացած չէ այլ տեղերում։ Գուցե պաշտոնյաների կալիբրը մի փոքր այստեղ բարձր է եղել։ Ես ներքուստ վստահ եմ, որ էստեղ ուղղակի զուգադիպել է, եւ, ընդհանուր առմամբ, սա մի բան է նշանակում, որ բոլորը, ովքեր որ պետական պաշտոնի են, համայնքային պաշտոնի են, իրենց գործունեության մեջ պետք է լինեն ե՛ւ զգուշավոր, ե՛ւ թափանցիկ։ Մաքսիմալ հեռու մնան բոլոր այն խնդրահարույց կետերից, որոնք որ կարող են հետագայում իրենց համար խնդիր դառնալ, բայցեւ մյուս կողմից ես ուզում եմ վստահեցնել, որ հանիրավի տեղը որեւէ մեկին, այսպես ասած, եթե փորձեր լինեն կալանքի տանել, կամ որոշակի գործողություններ տեղի ունենան, որ մենք վերջում տեսնենք, որ խնդիրը հիմնավոր չէր, դա էլ ունենալու է իր հետեւանքները։

– Ի՞նչ հետեւանքների մասին է խոսքը։

– Քաղաքական հետեւանքների։ Մեր բոլոր համակարգերը հիմա կայացման շրջանում են, եւ շատ դեպքերում հիմա իրավապահ համակարգին մենք որոշ չափով պետք է աջակից լինենք էս տեսակ հարցերում՝ դեռ հարցականի տակ չդնելով իրենց որեւէ գործողություն։

– Դրա հետ մեկտեղ, Ձեր թիմակից Արսեն Թորոսյանը բավականին կոշտ քննադատեց այդ ձերբակալությունը եւ համաձայն չէր իրավապահ համակարգի գործողությունների հետ, իսկ Դուք ձեռնպահ մնացիք։

– Ես չեմ ուզենա մեկնաբանել, ես կարծում եմ՝ մեկնաբանությունների ժամանակն էլ կգա, բայց քանի որ հիմա գնում է նախաքննություն, թող նախաքննությունը գնա, եւ ես վստահ եմ, որ ճշմարտությունը կբացահայտվի, ըստ այդմ՝ նաեւ կհնչեն քաղաքական գնահատականներ։

– Փոխքաղաքապետի, քաղաքապետարանի աշխատակիցների ձերբակալությունը, մեղադրանքները Ձեր վարկանիշի վրա չե՞ն ազդելու։ Այդ կապը չե՞ք տեսնում։

– Ես վստահ եմ, որ չկա նման կապ։ Իրավապահ մարմինները․․․ իրարից անկախ քրեական գործեր են դրանք։

– Այսինքն՝ պատահականությո՞ւն էր, որ ընտրություններից առաջ ձերբակալում են։

– Ընտրությունների հետ կապ չունեն դրանք, ընտրությունների հետ կապ չունեցող են այս պրոցեսները, եւ նաեւ անձինք ու այդ քրեական գործերն իրար հետ բացարձակապես կապ չունեն։ Կան, որ տարբեր մարմիններում են քննվել, այսինքն՝ ես վստահ եմ, որ այստեղ որեւէ կապ չկա ընտրությունների հետ։

 

 

kotayk

Լրահոս