«Հրապարակ» թերթը գրում է.
«Շաբաթ օրը Ազատության հրապարակում արցախցիների կազմակերպած հանրահավաքը սկսել է անհանգստացնել իշխանություններին։ Եվ քանի որ արցախցիները ողջ կազմակերպչական հարցերը քաղաքական գործիչների փոխարեն դրել են հասարակական սեկտորի ներկայացուցիչների ուսերին ու այդ նպատակով ձեւավորել են Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ, ապա իշխանություններին մինչ այս պահը չի հաջողվում բռնել ու շինծու մեղադրանքներ առաջադրել Արցախի նախկին պաշտոնյաներին։ Ուստի որոշել են պառակտիչ գործողություններ ծավալել հենց արցախցիների միջոցով։
Մեզ պատմեցին, որ ՀԿ որոշ ներկայացուցիչներ կազմակերպչական քննարկումների ժամանակ փորձել են սլաքները ՀՀ իշխանություններից տեղափոխել դեպի ՄԱԿ-ի եւ այլ միջազգային պատասխանատուների կողմը, թե` մենք ՀՀ իշխանություններից չպետք է պահանջներ ունենանք, Բաքվում պահվող գերիների, մեր վերադարձի իրավունքի համար պետք է պահանջներ ներկայացնենք ՄԱԿ-ին, ՀՀ-ում հավատարմագրված արեւմտյան դեսպաններին:
Սակայն այդ փորձերը մերժվել են: Եվ ոմանք հրապարակային հայտարարություններ են արել, թե չեն մասնակցելու հանրահավաքին: Իրականում արցախցիների այս հավաքը, սոցիալական խնդիրներից զատ, նաեւ քաղաքական օրակարգ է առաջ տանելու: Թեեւ կենտրոնում ապրիլի 1-ից արցախցիներին հատկացվող 40 հազարների դադարեցման հարցն է եւ բնակարանների ապահովման ռեալ ծրագրի պահանջը, քանի որ գործող ծրագրով բանկերն արցախցիներից կանխավճար են պահանջում՝ հաշվի չառնելով պետության տված սերտիֆիկատները»: