«Գեղարդ» հիմնադրամ․
Պատմական Հայաստանի Գողթն (Գողթան) գավառը (տարածքով համապատասխանում է այժմյան Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Օրդուբադի, մասամբ նաև՝ Ջուլֆայի շրջաններին) հայկական մշակույթի, գրականության և ավանդությունների օրրան է եղել։ Գողթնը գտնվում է Նախիջևանի հարավարևելյան մասում՝ Արաքս գետի ձախ ափին։ Ըստ «Աշխարհացույց»-ի՝ այն Վասպուրական նահանգի 33-րդ գավառն է, իսկ 5-րդ դարի մատենագիր Կորյունի տեղեկությունների համաձայն՝ Մեսրոպ Մաշտոցը որոշ ժամանակ բնակվել է այս գավառում։
Ինչպես նշում է հայ նշանավոր ազգագրագետ, բանահավաք և հնագետ Երվանդ Լալայանը, Գողթն գավառն, իրավամբ, «նախահավատ» է կոչվում, որովհետև Սյունիքն ու այս գավառն են ամենից առաջ ընդունել քրիստոնեությունը։ Այստեղ են քարոզել սուրբ Բարդուղիմեոս առաքյալն ու սուրբ Թովման։ «Ատրպատականից գալով՝ սուրբ Բարդուղիմեոսը մտել է Գողթն, ուր շինել է մի եկեղեցի, որ կոչվել է Տեառն ընդ առաջ․․․․»։
Գողթնից էր հայ եկեղեցու սրբերից Վահան Գողթնեցին (700-737 թթ․)՝ տեղի Խոսրով իշխանի որդին։ Գավառի Վանանդ գյուղի Նուրիջանեանների տոհմից են Թովմաս և Ղուկաս Վանանդեցիները, որոնք իրենց գործունեությամբ մնայուն հետք են թողել հայ տպագրության պատմության մեջ։ Ամստերդամում նրանք հիմնել են տպարան, որտեղ տպագրել են մի շարք երկասիրություններ՝ «Համառոտ քերականութիւն», «Շարակնոց», «Սաղմոսարան», «Պարզատումար»և այլն։
Մանուկ Աբեղյանը Գողթն գավառի հետ է կապում վիպասանական երգերը, որոնք «ոչ միայն պատմվել, այլև մասամբ երգվել են»։ «Յայտնեն զայս ճշմարտապէս եւ թուելեացն երգք, զոր պահեցին ախորժելով, որպէս լսեմ, մարդիկ կողմանն գինեւետ գաւառին Գողթան»,- գրում է Մովսես Խորենացին։ Այս գինեվետ գավառի գուսաններն իրենց երգերով, պարերով, զրույցներով ներկայացրել ու փոխանցել են հայոց հնագույն դիցաբանական-առասպելաբանական, նաև՝ թատերականացված պատմությունները։
Գողթնից էին սերում հայ երաժշտության երկու հանճարների՝ Կոմիտասի և Արամ Խաչատրյանի նախնինները ևս։
Գողթնի հարուստ մշակութային պատմությունը համալրում է այս գավառի քաղաքներում և գյուղերում գրչագրված այն ձեռագրային հարուստ ժառանգությունը, որը հասել է մեր օրերը, և մի մասը պահվում է Երևանի հին ձեռագրերի ինստիտուտում՝ Մատենադարանում։ Այդ ժառանգության մաս են կազմում Ավետարաններ, Ճաշոցներ, Մաշտոցներ և այլն։ Հնագույն ձեռագրերից են 1336 թվականին ընդօրինակված Ավետարանը՝ Սուրբ Նշան անապատի գրչատանը (Մատենդարան, ձեռագիր համար 6257), 1385 թվականին գրված Ժողովածուն (Մատենդարան, ձեռագիր համար 592), որտեղ հավաքված են Ժամագիրք, Խորհրդատետր, աղոթքներ․ գրիչ՝ Ղազար քահանա։
16-18-րդ դարերի ընթացքում Գողթնում ստեղծված հայերեն ձեռագրերից կարելի է հիշատակել Բիստի անապատում գրված Ավետարանը (Մատենդարան, ձեռագիր համար 592), 1637-1638 թվականներին Փառակա գյուղում Մարտիրոս քահանայի ընդօրինակած Գրիգոր Տաթևացու «Գիրք հարցմանց»-ը (Մատենդարան, ձեռագիր համար 8205), 1634 թվականին Գողթնի Ցղնա գյուղում Մարութ քահանայի գրչագրած «Մաշտոց»-ը, որը կազմել է Դավիթ դպիրը՝ Թանկիի համար (Մատենդարան, ձեռագիր համար․4175)։ Գեղեցիկ մանրանկարներով, կիսախորաններով, լուսանցազարդերով է տարբերվում 1708 թվականին Գողթնում ընդօրինակված Ավետարանը (Մատենդարան, ձեռագիր համար․2590) և այլն։
Այս ձեռագրերը խոսող վկաներն են Գողթնի հայ մտավորական մտքի, գրչագիր քահանաների, հայկական գրչակենտրոնների, բնակավայրերի և ընդհանրապես՝ Նախիջանի մասին, որի հայկական պատմությունն ու մշակույթը լռեց 20-րդ դարի սկզբին, երբ այն բռնակցվեց Ադրբեջանին։