31 Մարտի, 2025

Մարտի 29-ին ՀՀ ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները հսկայածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում Երևանում իրականացրել են հատուկ օպերացիա, որի շրջանակներում վնասազերծվել և Երևանի քրեական ոստիկանություն են տեղափոխվել օտարերկրացիներ, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վերջիններս կասկածվում են Երևանում բնակարանային գողություններ կատարելու մեջ:

Կայքի տեղեկություններով՝ վնասազերծվածները Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ են, որոնք կասկածվում են նաև Երևանում մարտի 25-ին «Միլենա Սուիթ» ՍՊԸ-ի տնօրենի «Infiniti» մակնիշի ավտոմեքենայից խոշոր չափի գողություն կատարելու մեջ:

Դեպքի փաստով նյութեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտե:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 25-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։35-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Րաֆֆու փողոցում ավտոմեքենայից գողացել էին պայուսակ, որում եղել էր խոշոր չափի գումար և ոսկյա զարդեր։

Դեպքի վայր մեկնած քրեական ոստիկաններին Երևանի բնակիչ 40-ամյա Ռոզա Հ․-ն հայտնել էր, որ նույն օրը՝ ժամը 12։40-ից մինչև 13։15-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով Րաֆֆու փողոցի թիվ 35 շենքի հետնամասում կայանված «Infiniti» մակնիշի ավտոմեքենայի դռները բաց լինելու հանգամանքից, սրահից գողացել էին պայուսակ։

Նա հայտնել էր նաև, որ պայուսակում եղել է 2150 ԱՄՆ դոլար, 395 հազար դրամ գումար և 680 գրամ ոսկյա զարդեր:

Ռոզա Մ․-ն «Միլենա Սուիթ» ՍՊԸ-ի տնօրենն էր։

Լրահոս