19 Հոկտեմբերի, 2024

«Հրապարակ» թերթը գրել է.

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այլեւս չի դիմանում քննադատության։ Նրա նյարդերն ակնհայտորեն տեղի են տալիս: Նա մի կողմ է դրել մեղմիկ ժպտալու սովորությունը եւ անցել է հարձակման։ Ո՞նց թե, արցախցի փաստաբանները՝ իշխանության յուրացման նախապատրաստության մեջ մեղադրվող Արմեն Մնացականյանի շահերի պաշտպան Ռոման Երիցյանը եւ Արցախի փաստաբանների պալատի նախկին նախագահ Էրիկ Բեգլարյանը հանդգնել են քննադատել իրեն։

Ռոման Երիցյանն իր ՖԲ էջի միջոցով հանրությանը տեղեկացրել է, որ Մնացականյանը արդեն 23 օր ապօրինաբար պահվում է «Արմավիր» ՔԿՀ-ի «Կարանտինում», որտեղ օրենքով կարող էր միայն 7 օր մնալ, ապա որպես զինվորական ծառայության բարձր սպայական պաշտոն ու համապատասխան զինվորական կոչում ունեցող անձ, պետք է տեղափոխվեր «Վարդաշեն» ՔԿՀ։ «Արդեն 3 օր է, ինչ այս մասին գրավոր եւ բանավոր եղանակներով տեղեկացրել եմ նաեւ ՀՀ ՄԻՊ աշխատակազմին, մինչդեռ, բացի մտահոգություն արտահայտելուց, որեւէ արդյունք առ այս պահը չի արձանագրվել»,- գրել է փաստաբանը, որը ոչ թե ազատություն է պահանջում իր պաշտպանյալի համար, այլ՝ կալանավայրում պահման օրենքների պահպանում։

Էրիկ Բեգլարյանն էլ դատապարտող հայտարարություն է տարածել ՄԻՊ Մանասյանի վերաբերյալ՝ մեղադրելով նրան մարդու իրավունքները կոպիտ կերպով խախտելու եւ իր անկախությունից հրաժարվելու, ինչպես նաեւ այսօրվա իշխանություններին ծառայելու մեջ: «Մարդու իրավունքների պաշտպանին վստահված է մարդու եւ քաղաքացու իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը, բայց այսօր, իր գործողություններով, նա խախտում է այդ սկզբունքները եւ հանդես գալիս իշխանության շահերի պաշտպանությամբ, ինչը կտրականապես անընդունելի է»,- գրում է Բեգլարյանը՝ շեշտելով, որ ՄԻՊ-ը պարտավոր է լինել չեզոք, ոչ թե համագործակցել իշխանությունների հետ։ Բայց Էրիկի քննադատությունը հունից հանել է Անահիտին, որը փաստաբանի գնահատականներն անթույլատրելի է որակում եւ ինքն իր շահերի պաշտպանությամբ է զբաղվում։ Այնքան է բարկացել Անահիտ Մանասյանը, որ երիտասարդ արցախցի փաստաբան Բեգլարյանը համարյա ներողություն է խնդրել նրանից․ «Փաստորեն, տեղի է ունեցել երեւույթի ոչ ճիշտ ընկալում»: Իսկ ի՞նչ է արել ՄԻՊ-ը՝ Արմեն Մնացականյանին օգնելու համար։

Փոխանակ դիրքորոշում հայտնելու, հրապարակավ կալանավորին պաշտպանելու, գոնե նրան այցելելու, նրա պահման պայմաններին անձամբ ծանոթանալու, Անահիտ Մանասյանը հայտարարել է. «Հարցը քննարկվել է օրենքով սահմանված ժամկետներում եւ բացառապես օրենքով ու միջազգային չափանիշներով թույլատրելի մեթոդաբանությամբ»։ Ահա Անահիտ Մանասյանի գործողությունները՝ նա քննարկել է փաստաբանի բողոքը ՔԿՀ վարչակազմի հետ, վերջինս պարզաբանել է, որ կալանավորի անվտանգությունը պահպանում են։ Ու սա դեռ ամենը չէ։ Հաշվի առնելով խնդրի հրատապությունը՝ Անահիտ Մանասյանն այս բոլոր գործողությունները ձեռնարկել է արագորեն, բողոքը ստանալուց 2 օր անց՝ հոկտեմբերի 17-ին, ոչ թե սպասել է օրենքով սահմանված 30 օրը լրանալուն, գրում է նա։ Փաստորեն, մեծ լավություն է արել կալանավորին։ «Ավելին»,- ասում է ՄԻՊ-ը, նա նույնիսկ բարեհաճել է այս ամենի մասին հայտնել Արմեն Մնացականյանի փաստաբանին։ Իսկ ի՞նչ օգուտ իր այդ քննարկումից, ի՞նչ է տալիս այդ քննարկումը կալանավայրում խոշտանգվող անձին։ Այս հարցի շուրջ մտածելու փոխարեն Մանասյանը փայտը ձեռքն է առել ու դատափետում է փաստաբաններին, որոնք հանդգնել են քննադատել իրեն։

«Նման անթույլատրելի գործելաոճով եւ ձեւակերպումներով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը միջամտելու, ՄԻՊ հաստատության նկատմամբ ճնշում գործադրելու, հանրության շրջանում ապատեղեկատվություն տարածելու ցանկացած փորձ անընդունելի է, առավել եւս՝ երբ նման հրապարակմամբ հանդես է գալիս մասնագիտական փաստաբանական գործունեություն իրականացնող անձը», – փրփրած հայտարարում է Մանասյանը՝ արձանագրելով փաստաբանական էթիկայի խախտում եւ պահանջելով հարգել ՄԻՊ ինստիտուտը։

Ցավոք, այս կիրքն ու եռանդն Անահիտ Մանասյանի հոգում արթնանում են միայն այն ժամանակ, երբ իրեն են քննադատում, իսկ մարդու իրավունքները պաշտպանելիս նա խելոք, դատախազին, ՔԿՀ-ին, բոլոր պագոնավորներին ու իշխանավորներին հլու-հնազանդ` ժպտացող, նրանց ձայնակցող պաշտոնյա է։ Անահիտ Մանասյանի հարցում այսօր էլ արդիական է հարցը, որն առաջացել էր նրա` որպես օմբուդսմեն առաջադրման օրը՝ իսկ կա՞ մեկը, որի մատից Դուք փուշ եք հանել, տիկին Մանասյան։

Լրահոս