«Հրապարակ» թերթը գրում է.
«Հայրենի խորհրդարանում այսօր ազգովին ականատես կլինենք քաղաքական «մատաղի» արարողության` գլխավոր մատաղացուն պատգամավոր Հովիկ Աղազարյանն է, որն անցած տարեվերջին համարձակվեց ընդդիմանալ Նիկոլ Փաշինյանին՝ մերժելով հրաժարական տալու նրա խնդրանքը, եւ հենց այդ պահից իշխանությունը նրան հռչակեց պետության թիվ մեկ անբարոյականը, հանցագործն ու թալանչին, որը դեմ է գնացել հեղափոխական սկզբունքներին, իսկ ավելի ստույգ` ՔՊ առաջնորդի՝ sms-ով մանդատը վայր դնելու հրահանգին, այն դեպքում, որ մի խումբ նախարարներ եւ անգամ ամբողջությամբ անկախ ԲԴԽ նախագահը հնազանդորեն կատարել էին նրա պահանջը։
Հովիկ Աղազարյանին նախ հեռացրին կուսակցությունից, Փաշինյանը սպառնաց, որ նա, միեւնույն է` հրաժարական է տալու, եւ հիմա էլ որոշել է «մատաղ անել» նրան, հանուն իր քմահաճությունների, հանուն աթոռի, որպեսզի Աղազարյանի օրինակով վախեցնի մյուս ուսապարկերին, եւ ոչ մեկի մտքով չանցնի՝ երբեւէ իր կամքին հակառակ գնալ, իր «գլխից թռնել», այլապես նրանց էլ նույն ճակատագիրը կսպասվի, ինչ Աղազարյանին։
Չնայած, շատերի կարծիքով, Աղազարյանի նկատմամբ հետապնդումների մեկնարկը տրվեց անցած հոկտեմբերին խորհրդարանում տեղի ունեցած լսումներից հետո, որոնց ժամանակ պատգամավորը վիճաբանեց ՔԿ նախկին պետ Արգիշտի Քյարամյանի հետ. այդ պատմության մասին բոլորը գիտեն: Սակայն Հովիկ Աղազարյանն այսօր պատրաստվում է բացահայտումներ անել եւ ցույց տալ, որ ինքը ՔՊ-ում սպիտակ ագռավի կարգավիճակ է ունեցել վաղուցվանից, որ առանցքային բազում հարցերում հակադրվել է, առարկել է Նիկոլ Փաշինյանին, այդ պատճառով էլ վարչապետը, օգտվելով հարմար առիթից, որոշել է ազատվել իրեն գլխացավ պատճառող անձից եւ դա անում է` խայտառակելով Աղազարյանին, նրան ներկայացնելով հանցագործ։ Մինչդեռ անգամ գլխավոր դատախազի՝ խորհրդարան ուղարկած միջնորդությունից է ակնհայտ, որ իրավապահ համակարգը Փաշինյանի պատվերով փորձում է գործ «կարել» Աղազարյանի վրա` լսումներից հետո, Փաշինյանի խնդրանքը մերժելու պատճառով։
Նախ նկատենք, որ գլխավոր դատախազի միջնորդության հիմքում մի քանի գործեր են, որոնցից առանցքայինը ոչխարների հայտնի գործն է։ Դրանով իբր Աղազարյանը 300 հազար դոլար կաշառքի դիմաց խոստացել է օգնել քաղաքացիներին` Հայաստանից անխոչընդոտ ճանապարհով մանր եղջերավոր անասուններ Էմիրություններ արտահանելու հարցում: Ի դեպ, երեկ գրել էինք, որ այս գործով Հակակոռուպցիոն կոմիտեն նախօրեին ավարտել է նախաքննությունը, մեղադրանք է առաջադրել քաղաքացուն, որն Աղազարյանին կաշառք առաջարկողն է, եւ գործն ուղարկել է դատարան, ինչը նշանակում է, որ սահմանափակել են պատասխանողի՝ Աղազարյանի` պաշտպանվելու սահմանադրական իրավունքները եւ խախտել անմեղության կանխավարկածը։
Հաջորդ դրվագը 23 հազար դոլարի մասին է, թե իբր Հովիկ Աղազարյանը Փաշինյանի երբեմնի խցակից, խարդախության համար մի քանի անգամ դատապարտված Արամ Մկրտչյանին խաբել է, նրանից վերցրել է 23 հազար ԱՄՆ դոլար գումար` շենքի կառուցման շինթույլտվություն տալու հարցը լուծելու համար, եւ չի արել։ Ուշագրավ է, որ այս գործով Աղազարյանին ընդհանրապես չեն կանչել հարցաքննության, քանի որ, ըստ Աղազարյանի, այդ պատմությունները հորինել է Արամ Մկրտչյանը, ենթադրվում է` շահագրգիռ անձանց պատվերով։
Մյուս «մատաղացուն» էլ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ, Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանն է, որին 7 տարի տեռորի են ենթարկել` բազմաթիվ քրեական գործեր հարուցելով, գույքի բռնագրավման վարույթով, ընտանիքի անդամներին իրավապահ մարմիններ հրավիրելով, իսկ հիմա էլ Փաշինյանը զոհաբերում է` նախընտրական քարոզչության ընթացքում դիվիդենտներ հավաքելու համար: Ուզում է ցույց տալ, որ կատարում է խոստումը` պատժում է «նախկին թալանչիներին»: 7 տարի ընթացող քննությունները, մեծ հաշվով, արդյունք չեն տվել` Տարոն Մարգարյանի մեղադրանքն այնքան թույլ է եղել, որ մինչեւ 2021 թվականը` մինչեւ նրա պատգամավոր դառնալը հնարավոր չի եղել դատարան ուղարկել, 21-ից հետո էլ հնարավոր չի եղել մտնել ԱԺ` գործ հարուցելու թույլտվություն ստանալու համար: Թե Աննա Վարդապետյանն ինչ է դրել այս միջնորդության հիմքում` ինչքանով է տրորել իրավաբանությունը, կերեւա առաջիկայում:
Ի դեպ, ՔՊ-ում ոչ միանշանակ վերաբերմունք կա այս միջնորդությունների վերաբերյալ, ոմանք որոշած են եղել չմասնակցել Աղազարյանի հարցի քննարկմանը` իրենց խղճին դեմ չգնալ, սակայն վերեւից եղել է հրահանգ, որ պարտադիր պետք է մասնակցեն։
Նշենք, որ «Հայաստան» խմբակցությունն Աղազարյանի միջնորդության քննությանը մասնակցելու է, իսկ Տարոն Մարգարյանի դեպքում, անսալով նրա խնդրանքին, չի մասնակցելու»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում