Երեկ գույքագրվել էր ընդհանուր 54 գույք՝ 38 սեփականատիրոջով։ Գյուղացիները նախօրեին, մինչեւ ուշ գիշեր եւ երեկ ողջ օրը գյուղապետարան են ելումուտ արել: Բայց նրանց փոխհատուցման հստակ չափ չի ասվել: Տների համար բանավոր հնչում է 16 մլն դրամից ավելի՝ կախված գույքից, իսկ հողատարածքների համար հստակություն դեռ չկա։ Կիրանցեցիները հույժ գաղտնապահություն են դրսեւորում՝ չեն ասում, թե քանիսն են համաձայնել փոխհատուցման առաջարկին, քանիսն են դեմ:
Համայնքապետարանի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ երեկվա դրությամբ 5 անձ համաձայնել է, որոնց թվում կան նաեւ մարդիկ, ովքեր Կիրանցում չեն ապրում` ինչ-որ սեփականություն ունեն: Նրանք եկել են գյուղ, ընդունել փոխհատուցման առաջարկն ու կրկին հեռացել։ Գյուղում նաեւ ժամանակավոր ապաստարաններ են կառուցվում, քանի որ վերջնաժամկետ է տրված մինչեւ հունիսի 24-ը, եւ մինչ այդ 2 տան բնակիչներ պետք է լքեն տները, որոնք անցնում են Ադրբեջանին: Բացի այդ 2 տնից, նաեւ 3 դոմիկ, 1 լցակայան են անցնելու, 5-6 տուն էլ անմիջապես հայտնվելու է սահմանագծին։