19 Դեկտեմբերի, 2024
«Հրապարակը» գրում է․
Նախօրեին ՔՊ վարչությունը Հակոբ Ասլանյանին հեռացրեց ՔՊ-ից, իսկ Սարիկ Մինասյանին` ընդունեց։ Ասլանյանին նիստում կանգնեցրել են «գնդակահարության պատի տակ», դավաճան հռչակել՝ դավաճան Աղազարյանին պաշտպանելու համար: Պատգամավորը փորձել է մեղայականով հանդես գալ վարչապետի առաջ, թե մեծ մարդ եմ, գուցե ինձ այնքան էլ ճիշտ չեն հասկացել, ինքը ոչ թե պաշտպանել է Աղազարյանին, այլ ընդամենը առաջարկել է տալ արտահայտվելու հնարավորություն, սակայն վարչությունը միաձայն որոշել է, որ դավաճանները տեղ չունեն ՔՊ-ում, ու հորդորել են նաեւ մանդատից հրաժարվել, քանի որ այն Փաշինյանի շնորհիվ է ստացել:

Ի դեպ, Հակոբ Ասլանյանը 2019 թ. ընտրություններում մոտ 3 հազար ձայն էր ստացել` ռեյտինգային ընտրակարգով։ Ասլանյանը պատասխանել է, որ մանդատից հրաժարվել-չհրաժարվելու մասին պետք է մտածի, նոր որոշում ընդունի, վստահեցրել է՝ մինչեւ տարեվերջ կհայտնի այդ մասին: Մեր տեղեկություններով, նա չի պատրաստվում վայր դնել մանդատը։

Ի դեպ, նիստին չի մասնակցել ՔՊ վարչության անդամ Արփի Դավոյանը, որի նկատմամբ, ասում են, Փաշինյանը սկսել է խորը անվստահություն տածել՝ կասկածելով, որ փորձել է Անդրանիկ Քոչարյանի հետ ՔՊ-ում ազդեցության գործոն դառնալ: Հիշեցնենք, որ Արփի Դավոյանի նախաձեռնությամբ ՔՊ-ում սկսեցին քննարկել «յուրային» կոռուպցիոներների վարքը, չնայած Փաշինյանի անմիջական հանձնարարությամբ էին ՔՊ-ում ինքնաքննադատության նիստերը նախաձեռնել: Մեր աղբյուրները վստահեցնում են նաեւ, որ նա նիստերի զեկուցողներին տակից հրահանգել է՝ ում դեմ եւ ինչ խոսել: Ապա թեման ծավալվել է, եւ սկսել են փակ նիստերի ֆորմատից դուրս քննարկել, անգամ արտահոսքեր կազմակերպել այս կամ այն կուսակցի դեմ, իսկ Փաշինյանի համոզմամբ` միայն իրեն է պատկանում այդ մենաշնորհը։ Ինքն է որոշում՝ ով է մեղավոր, ով՝ անմեղ, ում մեղադրյալի աթոռին նստեցնել, ում գնդակահարել, ում ներել: Կուսակցությունում վստահ են, որ Փաշինյանը որոշել է սանկցիաներ կիրառել եւ իրենց տեղը ցույց տալ «չափն անցած» կուսակիցներին, եւ հնարավոր է՝ մի sms էլ Արփի Դավոյանին ուղարկի։

Մյուս կողմից՝ Հովիկ Աղազարյանը բացել է ՔՊ-ի Պանդորայի արկղը. որքան էլ Փաշինյանը վախի մթնոլորտ փորձի ձեւավորել՝ ցուցադրաբար պատժելով անհնազանդ կուսակիցներին, ներսում սկսել են նրա պատժից չվախենալ: Կարծում են, որ Հովիկ Աղազարյանի պես իրենք էլ կարող են չենթարկվել Փաշինյանի հիստերիկ հրահանգներին եւ արժանանալ հանրության աջակցությանը։
Օրինակ, պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ Լուլուն, որը չի մարսում իր մտերիմ Նարեկ Զեյնալյանին մանդատից զրկելու որոշումը, սկզբում մտածել է մանդատից ինքն էլ հրաժարվել, հետո փոշմանել է եւ հրաժարվել առողջապահության հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից։ Նիկոլ Փաշինյանը սա ընդունել է որպես անձնական վիրավորանք եւ մեծ հանդգնություն, ու ՔՊ-ում խոսակցություններ կան, որ հաջորդ sms-ը կարող է հենց Լուլուն ստանալ: Սակայն մտերիմները վստահեցնում են, որ Աղազարյանի եւ Ասլանյանի պես Լուլուն չի պայքարի: Ասում են` նա սկսել է «նեղ կռուգում» խոսել, որ ամենավատ երազում չէր տեսնի, որ իր երկրպագած իշխանությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, այսպիսի բռնապետ կդառնա։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա  համարում։

 

Լրահոս