14 Հունվարի, 2023

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«2020 թվականի հոկտեմբերի 10-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում, պատասխանելով լրագրողի հարցին Գորիս-Կապան ճանապարհը Հայաստանի տարածքի մեջ մտնում է արդյոք, թե ոչ, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարեց, որ ճանապարհը Հայաստանի սահմանների մեջ չի մտնում։

«Գորիս-Կապան մայրուղին էդ սահմանների մեջ չի մտնում: Ո՛չ, չի մտնում Հայաստանի հետ սահմանների մեջ, որովհետեւ ինչպես եւ չի մտնում 2010 թվականին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունված «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքով»։

Այստեղ խոսքը գնում է նախորդ տարվանից փակված Գորիս-Կապան մայրուղու 21 կմ հատվածի մասին: Այն Ադրբեջանին է զիջվել ոչ թե նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, այլ ավելի ուշ դեկտեմբերին, երբ հայկական զինուժը հետ քաշվեց հրադադարի պահին իր զբաղեցրած դիրքերից։ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը, սակայն, արտաքին սահմաններ չի որոշում: Այստեղ պատգամավորի փաստարկը հիմնավոր չէ, քանի որ «Վարչատարածքային բաժանման մասին» ներպետական օրենքով չեն կարող որոշվել երկրի արտաքին սահմանները։

Ստացվում է պատգամավորի պնդումը, թե «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով արդեն իսկ որևէ տարածք հանձնված էր Ադրբեջանին, կեղծիք է»։

Ամբողջությամբ հոդվածը «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Լրահոս