19 Հոկտեմբերի, 2024

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է.

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մտադիր է հաստատել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը: Հաջորդ շաբաթ՝ երկուշաբթի օրը, նախատեսված է ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովում քննարկել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը, որը ներկայացնելու է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Այս փաստաթղթի համաձայն՝ Երեւանն ու Բաքուն համաձայնել են սահմանազատումն իրականացնել ըստ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի, բայց այդ համաձայնությունը վերջնական չէ։ Կանոնակարգում նշվում է, որ գործընթացը հնարավոր է հետագայում՝ «Խաղաղության համաձայնագրի» ընդունումից հետո, այլ սկզբունքներով ընթանա։ Կանոնակարգը 7 հոդված ունի, այնտեղ հիմնականում գործընթացին վերաբերող տեխնիկական տվյալներ են, ընդհանրական ձեւակերպումներ։ ԱԺ գլխադասային հանձնաժողովում հաստատվելուց հետո՝ կանոնակարգը պետք է մտնի նաեւ ԱԺ լիագումար նիստերի օրակարգ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՔՊ-ում առարկություններ չունեն եւ հաստատելու են կանոնակարգը։ «90%-ով հաստատելու ենք, եթե ՍԴ-ն էլ որոշում ունի, ինչո՞ւ չպետք է ընդունենք», – փոխանցեցին մեզ ՔՊ-ից: Կարճ ասած՝ Իլհամ Ալիեւի հերթական պահանջն էլ է կատարվում, իսկ Ադրբեջանում այս փաստաթղթի ընդունման գործընթացն անգամ չի մեկնարկել. իսկ միայն ՀՀ վավերացմամբ տվյալ փաստաթուղթը ոչինչ չարժե: Այն կգործի երկու կողմերի վավերացումից հետո միայն»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Լրահոս