«Փաստ» օրաթերթը գրում է.
Արարատ լեռը վաղուց է կորսված որպես աշխարհագրական կետ։ Սակայն հայության համար այն մշտապես եղել է յուրատեսակ խորհրդանիշ, որի հանդեպ ևս այսօր փորձում են ոտնձգություն կատարել օրվա իշխանությունները: Իսկ կարո՞ղ է, արդյոք, թուրքամետ վեկտորին կողմնորոշված գործող իշխանությունը, ի վերջո, ստիպել հրաժարվել նաև հայերի խորհրդանիշ Արարատից: Կարո՞ղ են, արդյոք, հասնել Հայոց ցեղասպանության մոռացության ու ուրացման: Կարո՞ղ են հաջողության հասնել իրենց ջանքերում՝ ժամանակի հետ հասնել ազգային արժեքների՝ լեզվի, Քրիստոնեության, պատմական Հայրենիքի, Ցեղասպանության մոռացման:
Ահա այս հարցերին է անդրադառնում «Ավետյաց լեռը» վավերագրական ֆիլմը, որի պրեմիերան տեղի կունենա այսօր ժամը 18:30-ին Երևանի Կինոյի տանը: Այն նվիրված է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին:
Ֆիլմի գաղափարը պատկանում է Վիկտոր Սողոմոնյանին, սցենարի հեղինակը Բենիամին Մաթևոսյանն է, ռեժիսորը՝ Արթուր Սարիբեկյանը, պրոդյուսերը՝ Սուրեն Հովնանյանը: Ֆիլմը արտադրվել է «Alpha Media House»-ի Alpha Cinema Production-ի կողմից։
Սցենարի հեղինակ Բենիամին Մաթևոսյանը «Փաստի» հետ զրույցում նշում է նման ֆիլմ ստեղծելու անհրաժեշտության մասին. «Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցն ինքնին կարևոր օր է, սակայն Հայաստանի իշխանությունների կողմից վարվող և խրախուսվող ժխտողական քաղաքականության համատեքստում կարևոր էր ապրիլի 24-ին պատրաստել այնպիսի մի հետազոտություն, այնպիսի գործ, որը նույնիսկ երկար տարիներ անց չի կորցնի իր արդիականությունը»:
Ի դեպ, հավելենք, որ ապրիլի 23-ին ֆիլմի ամբողջական տարբերակն արդեն հասանելի կլինի Alpha News-ի բոլոր հարթակներում, ինչպես նաև կհեռարձակվի տարբեր հեռուստաալիքներով:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում