«Հրապարակ» թերթը գրում է.
«Խորհրդարանում շրջանառության մեջ է դրվել Ընտրական օրենսգիրքը փոխելու վերաբերյալ օրենսդրական ծավալուն նախագիծ: Փոփոխվող առաջին հոդվածներն ընթերցելիս արդեն իսկ տպավորություն է ստեղծվում, որ ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանն ԸՕ-ն «ձևում» է ամբողջությամբ իր «հագով», որպեսզի ընտրակեղծիքներն իրականացվեն օրենքի շրջանակներում, և խուսափեն հնարավոր տհաճ անակնկալներից՝ որևէ կերպ չհանձնելով իշխանությունը։
Օրինակ՝ հետևյալ հոդվածն են ներմուծում․ «Ոչ ոք չի կարող հարկադրել ընտրողին՝ բացահայտելու, թե ինչպես է ընտրողը մտադիր քվեարկելու կամ ինչպես է քվեարկել թեկնածուի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) օգտին»։
Մինչդեռ գործող օրենքում ճիշտ հակառակ ձեւակերպումն է տրված․ «Ոչ ոք իրավունք չունի պարտադրելու ընտրողին՝ քվեարկելու որեւէ թեկնածուի (կուսակցության), կուսակցության (կուսակցությունների դաշինքի) օգտին կամ դեմ, ինչպես նաև՝ հարկադրելու ընտրողին՝ մասնակցելու կամ չմասնակցելու ընտրություններին»:
Այս նախագծին առաջիկայում մանրամասն կանդրադառնանք: Նշենք միայն, որ իշխանական մեր աղբյուրները ևս փաստում են, որ ԸՕ-ն փոխելը մեկ նպատակ է հետապնդում՝ ապահովել ՔՊ-ական իշխանության վերարտադրությունը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։