«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«ԱԺ դաշնակցական պատգամավոր Արթուր Խաչատրյանը հաստատում է «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումը, որ, այո՛, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը բավականին խիստ գնահատականներով ելույթ է ունեցել և քննադատել է Ռուսաստանին Բալթյան երկրների խորհրդարանականների հետ դռնփակ հանդիպման ժամանակ։
Մեր այս հրապարակումից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրապարակավ հերքեց, թե նման բան չի ասել, ավելին՝ դատական հայց է ներկայացրել «Ժողովուրդ» օրաթերթի դեմ, որից հետո մենք առաջարկեցինք հրապարակել այդ հանդիպման ձայնագրությունը՝ ապացուցելու, որ նման բան չի ասել։ Ալեն Սիմոնյանը, սակայն, չի հրապարակում ո՛չ ձայնագրություն, ո՛չ տեսանյութ։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ հանդիպմանը խորհրդարանական ընդդիմությունից մասնակցել է միայն «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Զրուցեցինք նրա հետ՝ հասկանալու, թե այդ օրը իրականում ինչ է եղել։
«Հանդիպումը գաղտնի չէ, որովհետեւ մարդիկ էին ներկա, ճիշտ է, ընդդիմության կողմից միայն ես էի․ 5-6-ՔՊ-ական պատգամավորներ կային, Բալթյան, Սկանդինավյան երկրներից հյուրեր, աշխատակազմից ներկայացուցիչներ։ Նման ֆորմատի հանդիպումները գաղտնի չեն լինում։ Այնպես որ, ես կարծում եմ, պիտի որ դժվարություն չլինի ձայնագրությունը հրապարակելու։ Կարող եք դիմել և ստանալ», – «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավորը։
-Ամեն դեպքում, ի՞նչ է ասել իր խոսքում ԱԺ նախագահը, որ հիմա հետ է կանգնում, – «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողի այս հարցին պատգամավոր Խաչատրյանը պատասխանեց․
-Չեմ էլ հիշում՝ բառացի ինչ է ասվել, բայց բավականին խիստ գնահատականներ են տրվել, – նկարագրեց Արթուր Խաչատրյանը։
Այսպիսով, բացի «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումից, որը արվել էր՝ հղում անելով բալթյան երկրների խորհրդարանականներից ստացված տեղեկությունները, նաև ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Խաչատրյանը հայտարարեց, որ Ալեն Սիմոնյանը տվել է բավականին խիստ գնահատականներ Ռուսաստանի Դաշնության հասցեին։ Դժվար չէ կանխատեսել հրաժարվելու պատճառը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո տեղի ունեցած աշխարհաքաղաքական կտրուկ շրջադարձերից հետո։ Բայց փաստերը ավելի խոսուն են, ու, դատարան դիմելով, հարց չի լուծվի»։