Ապրիլի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ փաստաբանների պալատի նախաձեռնությամբ Երևանում գումարված միջազգային համաժողովի մասնակից փաստաբաններին՝ գլխավորությամբ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ տիար Սիմոն Բաբայանի: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։
Հայցելով Վեհափառ Հայրապետի օրհնությունը՝ ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր տիար Արա Զոհրաբյանը ներկայացրեց հյուրերին, որոնց նպատակներից էր ծանոթանալ ազգային և հասարակական կյանքում Հայ Եկեղեցու առաքելությանը:
Ողջունելով հյուրերի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Նորին Սրբությունն անդրադարձավ հայ ժողովրդի կյանքում Սուրբ Էջմիածնի առանցքային դերակատարությանը, ընդգծեց, որ քրիստոնեական հավատքը դարեր շարունակ եղել է ազգային, հոգևոր արժեքների և հայի ինքնության կերտողը։
Այնուհետև Վեհափառ Հայրապետը մասնավոր անդրադարձ կատարեց 20-րդ դարասկզբին հայ ժողովրդի նկատմամբ իրագործված ոճրագործությանը՝ Հայոց Ցեղասպանությանը, ինչպես և վերջին տարիներին Ադրբեջանի կողմից արցախահայության նկատմամբ իրականացված ցեղասպան գործողություններին։