5 Հոկտեմբերի, 2023
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ադրբեջանի դատախազը հետեւողական ջանքերով Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ մեղադրանքներ է առաջադրում, հետախուզում եւ կալանավորում: Իսկ ի՞նչ քայլեր է իրականացնում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ադրբեջանի կողմից ձերբակալված ու կալանավորված Արցախի երեք նախագահների՝ Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Արայիկ Հարությունյանի, Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանի, Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանի՝ Հայաստան վերադառնալու համար։

Ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի այս հարցման՝ ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնեցին. «Անձանց իրավունքների պաշտպանությունը մշտապես գտնվել է ՀՀ դատախազության ուշադրության կենտրոնում։ Այդ կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազությունը կիրառում է օրենքով նախատեսված գործիքակազմը անձանց իրավունքները պաշտպանելու եւ վերականգնելու նպատակով»։

Իսկ թե Աննա Վարդապետյանը կոնկրետ ինչ գործիքակազմ է կիրառում, դատախազությունը չի մանրամասնել՝ նշելով, որ խնդիրը իրենց ուշադրության կենտրոնում է:

Դատելով իրավիճակից՝ դատախազությունում եւս ՀՀ քաղաքացիների պես հանդիսատեսի նման հետեւում են, թե ինչպես են ադրբեջանցիները մեր հայրենակիցներին մեկիկ-մեկիկ կալանավորում: Խոշտանգումների մասին դեռ տեղեկություն չունենք»:

 

kotayk

Լրահոս