«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«ՀՀ քննչական կոմիտեում քննիչները որոշել են ինքնակամ դիմում չգրել ու սպասում են Կոմիտեի նորանշանակ նախագահ, նախկին գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանի՝ «դիմում գրի» արտահայտությանը։
Բանն այն է, որ Կոմիտեի աշխատակիցների զգալի մասը համակարգը լքել է Քյարամյանի հեռանալուց հետո, երբ Պողոսյանը նշանակվել է ՔԿ նախագահ: Ոմանց Արթուր Պողոսյանն անձամբ ասել է՝ «գրի գնա». ուստի լուրջ պաշտոն զբաղեցնող շատ պաշտոնյաներ, ի հակառակ նոր նախագահի այս վարքագծի, որոշել են անձամբ դիմում չգրել, չգնալ, եւ սպասում են Արթուր Պողոսյանի կա՛մ sms-ին կա’մ հրահանգին։
Սակայն սա վերջը չէ: Կոմիտեի աշխատակիցների համար ակնհայտ է մեկ բան. Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի գործողությունները կամ քայլերը կոմիտեում կառավարվում են Գլխավոր դատախազությունից։ Բանն այն է, որ Պողոսյանը Կոմիտեից ազատում է այն պաշտոնյաներին, որոնք կապ են ունեցել նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ, կամ խնդիր են ունեցել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ ու Դատախազությունը լքելուց հետո՝ աշխատանքի են անցել Քննչական կոմիտեում։
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը անձամբ է իր «հեռակա» նախկին տեղակալի միջոցով կառավարում կոմիտեն, թե ոչ՝ ցույց կտան հետագա պաշտոնանկությունները. իսկ «Ժողովուրդ» օրաթերթը կհետեւի հետագա զարգացումներին։