«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«ՔՊ-ականները որսի են դուրս եկել. հիմա էլ թիրախում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ու շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն են։ Դեկտեմբերի 12-ին ՔՊ-ն Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հերթական ինքնաքննադատության նիստն էր արել։
«Ժողովուրդ» օրաթերթը ՔՊ-ական իր աղբյուրներից տեղեկացավ, որ ՔՊ-ականները մի լավ քննադատել են Անահիտ Ավանեսյանին ու Հակոբ Սիմիդյանին։ Մասնավորապես, Անահիտ Ավանեսյանին մեղադրել են առողջապահության ոլորտում տիրող բարձիթողի ու խայտառակ վիճակի, քաղաքացիների կողմից հնչող բազմաթիվ դժգոհությունների համար։ ՔՊ-ականները կասկածահարույց են համարել միլիոնավոր դրամների պայմանագրերը, որոնք Անահիտ Ավանեսյանը կնքել է նորաբաց «Ուիգմոր» կլինիկայի հետ, ու նրան մեղադրել են կոռուպցիայի մեջ։
Ավանեսյանը, իհարկե, փորձել է արդարանալ, սակայն ներկաներին չի համոզել:
Հակոբ Սիմիդյանին էլ քննադատել են անգործության համար, ինչպես նաեւ բնապահպանական խայտառակ իրավիճակի եւ անթույլատրելի չափով ծառերի հատման համար։ ՔՊ-ականները Նիկոլ Փաշինյանի մոտ նաեւ անկեղծացել են, որ այսուհետեւ, որպեսզի թիմային գզվռտոցների մասին լուրերը իրեն այստեղ-այնտեղից չհասնեն, նիստերի ժամանակ հրապարակավ իրար դեմքի ինչ ունեն՝ ասելու են։
Հավելենք նաեւ, որ նախաձեռնող նիստն այնքան թեժ է անցել, որ անգամ ամփոփիչ զեկույցը կիսատ է մնացել՝ նախաձեռնողի հաջորդ նիստին ներկայացնելու պայմանով»: