2 Մարտի, 2023

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում նախագահությամբ դատավոր Ջոն Հայրապետյանի, զորամասերից մեկի գումարտակի հրամանատար, ժամկետային և կրտսեր սպայական կազմի պետ Իշխան Վահանյանի գործով դատական նիստին հարցաքննվեց պատերազմում զոհված Հայկ Հարությունյանի հայրը Հրանտիկ Հարությունյանը։

Նա պատմեց, որ որդին երկու ամսվա ծառայող է եղել, երբ սկսվել է պատերազմը։ Հայկից ծնողները մինչև հոկտեմբերի 6–ը տեղեկություն չեն ունեցել։ Հրանտիկը ծանոթներից մեկի միջոցով ճշտել է, որ իր տղան հոկտեմբերի 5–ին եղել է Հադրութում, բայց չի հավատացել, որովհետև իմացել է, թե տղան ու մյուս զինծառայողները Ջաբրայիլում են։ Հոկտեմբերի 6–ի գիշերը, ժամը 2–ի սահմանում, Հայկը զանգել է հորը, կես ժամ զրուցել են, տղան հորը վստահեցրել է ապահով տեղ են տարել։

«Մինչև ամսի 8–ը հետը խոսել եմ, ամսի 8–ից նորից կապը կտրվեց»,– պատմեց Հրանտիկ Հարությունյանը։

Հրանտիկը շարունակել է փնտրել տղային և միայն հոկտեմբերի 16–ին է նրան հաջողվել որդու զինծառայակիցներից սերժանտ Հարութ Բալասանյանի հետ կապվել։ Նա տեղեկացրեց, որ նույնիսկ պատերազմից հետո ծնողները տեղեկություն չեն ունեցել իրենց որդիներից։ Հավաքվել են Պաշտպանության նախարարությունում, ամեն մեկն իր տղայի մասին գրավոր տեղեկություններ էտվել նախարարությանը ու այդպես մի քանի շաբաթ գնացել–եկել են։ Հետո նախարարությունն ինչ–որ հանձնաժողով է ստեղծե, որն ըստ Հրանտիկի չի գործել։

«Դատախազին ասում եմ ինչու չեք մեղավորներին ձերբակալում, եթե ուզում եք տեղեկություն իմանալ էդ գործի մասին, մտեք մեր տված տեղեկությունները կարդացեք ու իմացեք ով է դավաճանել։ Մեր երեխեքին փրկելը խաղուպար էր, ի դեպ, դատարանին քննիչը խաբել է, ասել է, թե իբր էն 6 երեխեքին փրկել են Պաշտպանության նախարարությունը, բայց նրանց մենք ենք փրկել Ղարաբաղում, ՊՆ–ն ոչ մի բան չի արել»,– պատմեց Հրանտիկ Հարությունյանը։

Պատերազմում զոհված Հայկի հայրը պատմեց, որ ինքը հիվանդանոցում տեսակցել է փրկված զինծառայողներին։ Որդու նկարը ցույց է տվել, բայց նրան ասել են, թե իբր չեն ճանաչում Հայկին։

«Սուտ էին ասում, որովհետև մեզնից առաջ ԱԱԾ–ի քննիչը մտել էին իրենց մոտ ու ասել, որ ոչ մի բան չասեն մեզ։ Բայց երեխեքն ասել են մեր ընկերները ողջ են, տղաներից մեկն ասել էր հոպար, որ մենք բաժանվել ենք 8 հոգի մի խումբ է եղել, 6–ը մեկ այլ, 6 հոգի էլ մեկ ուրիշ։ Տղաներից մեկն ասում էր, որ մյուս տղաների խումբն ասել է մենք վախենում ենք, չենք գալիս, մենք էլ եկել ենք էստեղ։ Իրենք հաստատ գիտեին, թե իրենց ընկերներին որտեղ էին թողնում, եթե զբաղվեին…ԱԱԾ–ն էլ չթողեց տղաները ինֆորմացիան մեզ ասեն։ Բայց մի շաբաթ հետո աներոջս տղան չերեզներով ճշտել էր, որ երեխեքը Ձորափ գյուղում անտառի մեջ են, եկել եմ Աշոտ Բալասանյանին ասել, որովհետև ինքն էր զբաղվում էդ գործերով, փոխարենն ինքը կազմակերպեր, որ երեխեքին փրկեին, ինքը խումբ վերցրեց, գնաց մոտակա գյուղերում ման եկավ, թուրքերը գլխի ընկան, որ ողջ երեխեք կան, հաջորդ օրը մեր երեխեքին խփեցին»,– պատմեց նա։

Ըստ մեղադրանքի Իշխան Վահանյանը 2020թ. հոկտեմբերի 9-ից նշանակված լինելով որպես ՊԲ համապատասխան զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի հրամանատար, կոչումով մայոր, ծառայողական դիրքով եւ կոչման բերումով հանդիսանալով նույն գումարտակի ժամկետային եւ կրտսեր սպայական կազմի ուղղակի պետը, 2020թ. սեպտեմբերի 27-ին ռազմական դրության պայմաններում 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող Խուռհատ սարի վրա տեղի ունեցած մարտական գործողություններին ակտիվ մասնակցություն չունենալու եւ սեփական կյանքը չվտանգելու անձնական շահագրգռվածությունից ելնելով դրսեւորել է իշխանության անգործություն չի կատարել իր վրա ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքով եւ ՀՀ ԶՈՒ մարտական կանոնադրությամբ դրված պարտականությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ, այն է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի համապատասխան զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի մի շարք զինծառայողներ զոհվել են, անհայտ կորել, գերեվարվել, ինչպես նաեւ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Լրահոս