19 Մայիսի, 2022

44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հոր Գարիկ Գալեյանի վիճակը կայուն ծանր է, նա հիվանդանոցում է, լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը:

«Երեկ փորձել են հարցաքննել, սակայն ի վիճակի չի եղել ցուցմունք տալու»,-ասել է նա:

Գարիկ Գալեյանը ձերբակալվել էր երեկ, բայց ուշ երեկոյան նրան ստորագրությամբ ազատ արձակելու որոշում էր կայացվել, որից հետո Քննչական կոմիտեն հայտնել էր  նախնական տվյալներով, 2022թ. մայիսի 17-ին ժամը 14:05-ի սահմաններում, մի խումբ անձինք, սահմանված կարգի խախտմամբ, մուտք են գործել ՀՀ ՊՆ N զորամասի տարածք, որի ընթացքում չենթարկվելով զորամասի տարածքը լքելու զորամասի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, գնդապետի օրինական պահանջին, ծառայողական պարտականությունները կատարելու կապակցությամբ, հայհոյել են, քաշքշել և բռնություն գործադրել նրա նկատմամբ պլաստմասե շշով հարվածելով դեմքին:

Նախաքննության ընթացքում իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են իշխանության ներկայացուցչի նկատմամբ առերևույթ բռնություն գործադրած և ծանր վիրավորանք հասցրած անձանցից երեքի ինքնությունը, ովքեր Գարիկ և Արթուր Գալեյան եղբայրներն են, ինչպես նաև քաղաքացի Ազգուշ Մարտիրոսյանը:

Նրանցից մեկը Գարիկ Գալեյանը, ձերբակալվել է և ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 327.6-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 137.1-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով:

Վարույթն իրականացնող մարմինը Արթուր Գալեյանին ձերբակալելու որոշում է կայացրել, որը կատարման նպատակով ուղարկել է հետաքննության մարմնին: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ նրան հայտնաբերելու և նախաքննական մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Լրահոս