ՀՀ քննչական կոմիտեում ամփոփվել են 2022թ․ ընթացքում նախաքննությունն ավարտված քրեական վարույթներով հայտնաբերված պետությանը, համայնքներին, իրավաբանական և ֆիզիկական անձանց պատճառված վնասների և քննության ընթացքում վնասների վերականգնման վերաբերյալ տվյալները։
Ըստ այդմ նախորդ տարվա ընթացքում ՀՀ ՔԿ ենթակայության նախաքննությունն ավարտված քրեական վարույթներով հայտնաբերված պետությանը, համայնքներին, իրավաբանական և ֆիզիկական անձանց հանցագործությամբ պատճառված գույքային վնասը կազմել է ընդհանուր 7.299.459.415 ՀՀ դրամ։ Տարվա ընթացքում վերականգնվել է 1.705.747.972 ՀՀ դրամի չափով վնաս:
Ընդ որում 2022թ․ավարտված վարույթներով բացահայտված ընդհանուր վնասը 2021թ․ցուցանիշը գերազանցում է ավելի քան 1,6 մլրդ դրամով կամ 30%-ով։
Մասնավորապես 2022թ․ ընթացքում նախաքննությամբ հայտնաբերված պետությանը պատճառված գույքային վնասը կազմել է 2.475.445.223 ՀՀ դրամ։ Նախաքննության փուլում վերականգնվել է 956.223.116 ՀՀ դրամը կամ 38.6%-ը։ Ընդ որում պետությանը պատճառված վնասների վերականգնման նշված արդյունքը 2021թ․ ցուցանիշը գերազանցում է մոտ 37%-ով։
Համայնքին պատճառված 312.467.000 ՀՀ դրամ վնասից վերականգնվել է 310.156.000 ՀՀ դրամը կամ 99.2%-ը։
Իրավաբանական անձանց պատճառված 2.257.952.000 ՀՀ դրամ վնասից անցած տարվա ընթացքում վերականգնվել է 173.039.000 ՀՀ դրամը։
ֆիզիկական անձանց պատճառված գույքային վնասը կազմել է 2.253.595.192 ՀՀ դրամ։ Նախաքննության ընթացքում վերականգնվել է 266.329.856 ՀՀ դրամի վնաս:
Միջազգային կազմակերպություններին գույքային վնաս չի պատճառվել:
Ձեռնարկվել են միջոցներ դեռևս չհատուցված վնասի վերականգնումը երաշխավորելու նպատակով։
Մասնավորապես կալանք է դրվել մեղադրյալների նախնական հաշվարկով ընդհանուր 1,257.549.000 դրամ արժեքով անշարժ և շարժական գույքերի, դրամական միջոցների նկատմամբ, որից ավելի քան 879մլն-ը պետությանը պատճառված վնասների մասով։
Հանցագործությամբ պատճառված վնասների վերականգնումը ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով իրականացվող նախաքննության առաջնային խնդիրներից է։