7 Փետրվարի, 2022

Պաշտպան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշեց` կայացվեց այն որոշումը, ինչին սպասում էին։
«Դատավոր Դավիթ Արղամանյանը պիոների պես կատարեց իր հանձնարարությունը։ Որոշմանը ծանոթացանք` ուզում էինք հասկանալ, թե ինչի համար է նման որոշում կայացվել, սակայն իմաստ չկար ոչինչ փնտրելու։ Արդարադատությունը մի խումբ իշխանավոր ուղղակի բռնաբարեցին, իսկ ժողովրդավարությունն անդունդ գլորվեց։ Բառեր չեմ գտնում»,–ասաց Սարգսյանը։

Նա հավելեց` կան դատավորներ, որոնք ամեն ինչ անում են, որ լինեն իշխանությունների սիրելին։ Բացի այդ, կան նաև համարձակ որոշումներ ընդունող դատավորներ, որոնց էլ, ըստ պաշտպանի, կալանավորում են, որպեսզի մյուսների «աչքը վախեցնեն»։

Հիշեցնենք, որ ԲԴԽ-ն բավարարել էր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու և նրան ազատությունից զրկելու թույլտվություն ստանալու վերաբերյալ` ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունները։

Բախշիյանը Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) գործը քննող դատավորն էր։ Նրա որոշմամբ Մինասյանը կալանքից ազատվեց հունվարի 26-ին։

Դատավորի դեմ քրեական հետապնդում իրականացնելու գործընթաց է սկսվել ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասի (անձին ապօրինի կալանավորելու հատկանիշներով, որն առաջացրել է ծանր հետևանք) հատկանիշներով հարուցված քրգործի շրջանակներում։

kotayk

Լրահոս