14 Փետրվարի, 2022
Անկախ իմ դեմ հարուցված կարգապահական վարույթի ելքից՝ չեմ պատրաստվում լռել։ Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով իր դեմ հարուցված կարգապահական վարույթին, ասել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին։

Բարձարագույն դատական խորհրդում այսօր մեկնարկել է նրա դեմ հարուցված կարգապահական վարույթի քննությունը։

ՀՀ արդարադատության նախարարության կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության հիմքը Ռշտունու՝ երկարատեւ արձակուրդ մեկնելու պատճառով քրեական գործերը վերամակագրելն է։

«Մինչ այս նախարարի կողմից արտահայտություններ են հնչեցվել վեթթինգի, դատավորների թվի, դատավորներից ազատվելու վերաբերյալ։ Ուզում ենք հասկանալ՝ մենք ազատվելու ենթակա դատավորների ցանկում մենք ընդգրկվա՞ ենք եղել, թե ոչ, եթե այո, ուրեմն, մեր նկատմամբ հարուցված վարույթը թիրախավորված ու պլանավորված է եղել։ Ուզում ենք հասկանալ՝ առիթ հանդիսացող հանգամանքի հիմքում, ի վերջո, ի՞նչն է եղել»,- ասել է դատավորը։

Հարցին՝ արդյո՞ք իր դեմ կարգապահական վարույթի հարուցմամբ փորձում են իրեն եւ դատական համակարգին լռեցնել, Ռշտունին չցանկացավ պատասխանել։

«Սուբյեկտիվ կլինեմ, եթե պատասխանեմ այդ հարցին, դուք ինքներդ, հասարակական կազմակերպությունները, փաստաբանական համայնքը, իմ գործընկերն ու քաղաքացիները կարող են կարծիք կազմել այս մասին։ Մեր նկատմամբ կարգապահական վարույթից ավելի խիստ հարկադրանքի այլ միջոցներ էլ են կիրառվել, եւ մինչ օրս դրանք մեզ չեն լռեցրել։ Անկախ վարույթի ելքից, չեմ պատրաստվում լռել»,- նշեց դատավորը։

 

kotayk

Լրահոս