29 Հոկտեմբերի, 2018
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանն անդրադառնալով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Հայաստանում իշխանափոխությունից հետո բազմաթիվ դատավորներ կանգնել են փաստի առաջ և վճիռներ կայացնելիս զանգահարում են իրեն, որպեսզի ուղղորդումներ ստանան, նկատեց, որ այսօր դատավորները բոլոր մեխանիզմներով ավելի անկախ են, քան նախկինում։

«Ես շատ կցանկանայի, որ ցանկացած պաշտոնյա նման հայտարարություն անելիս հաշվի առնի նաև օրենքի պահանջը։ Եթե որևէ մեկը զանգում է, կամ իրենք են զանգում, ապա Բարձրագույն դատական խորհուրդը դրա մասին պետք է տեղեկացվի, որպեսզի կարողանա իրականացնել օրենքով նախատեսված իր գործառույթը։

Ելնելով այս խոսակցություններից, մենք փորձեցինք ինչ-որ բան պարզել, բնականաբար, բոլորը հրաժարվեցին՝ ասելով, թե չեն զանգել, և այլն։ Բայց եթե խոսակցություններ կան, ինչպես ասում են՝ առանց ծուխ կրակ չի լինում, նշանակում է՝ ինչ-որ մեկը զանգահարել է։ Սա դատապարտելի և հակաօրինական երևույթ է, սա հակասում է ոչ միայն Դատական օրենսգրքի, այլև ապրիլի 12-ի մեր որոշմանը, ըստ որի՝ և՛ զանգողը, և՛ զանգ ստացողը պարտավոր են դրա մասին տեղյակ պահել ԲԴԽ-ին»,- նշեց Գագիկ Հարությունյանը։

Ըստ նրա՝ Ն. Փաշինյանի հայտարարությունից հետո իրենք չունեն լիազորություններ ծառայողական քննություն կատարելու համար, քանի որ այդ մասին չի տեղեկացվել խորհրդին, հակառակ դեպքում ԲԴԽ-ն կգնար հայտարարության հետքերով։

«Իմ կարծիքով՝ այս ամենը եղել է իշխանափոխության առաջին փուլում։ Այս վերջին ամիսների ընթացքում նման խոսակցություններ կարծես թե չկան։ Նման խոսակցություններ եղան՝ կապված այն դատավորի հետ, որը քննում էր հայտնի գործով խափանման միջոցի հարցը։ Բայց այս դեպքում, քանի որ ամեն ինչ հասցեական էր, մենք հետաքրքրվեցինք, և դատավորը գրավոր ներկայացրեց, որ որևէ կոմունիկացիա չի ունեցել, որևէ մեկին չի զանգել»,- ընդգծեց Գ. Հարությունյանը։

 

kotayk

Լրահոս