31 Հունվարի, 2017

Հանրապետականից դուրս գալու մասին օրեր առաջ հայտարարած նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր վերջապես դիմումը ներկայացրել է։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը։ «Երեկ չկար դիմումը, այսօր արդեն կա»,-ասաց ՀՀԿ-ականը։

Հնարավոր է՝ նրա օրինակին հետեւեն նաեւ Աբրահամյանի մյուս թիմակիցները, մասնավորապես՝ մարզպետի պաշտոնից հրաժարական ներկայացնող Ռուբեն Աբրահամյանը, նախկին վարչապետի որդին՝  Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, Հովիկ Աբրահամյանի մորաքրոջ աղջիկը՝ Կարինե Պողոսյանը։ Ռուբեն Թադեւոսյանը նշեց, որ այդ անձանցից դիմումներ չի ստացել։ Ի դեպ, Կարինե Պողոսյանը Արարատում ՀՀԿ կառույցի ղեկավարն է։ Հարցին՝ հնարավոր է՝ ՀՀԿ-ն Արարատի մարզում ձախողվի՝ հաշվի առնելով Հովիկ Աբրահամյանի ազդեցությունը այդտեղ, Ռուբեն Թադեւոսյանը պատասխանեց, որ իրենց շանսերը միշտ էլ մեծ է եղել Արարատի մարզում և առհասարակ Հայաստանում։

Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանը հայտարարություն էր տարածել, որտեղ նշված էր, որ հեռանում է ՀՀԿ-ից, բայց շարունակելու է ակտիվ զբաղվել քաղաքականությամբ․ «Շնորհակալ եմ իմ բոլոր կուսակցական ընկերներին՝ տարիների համատեղ արդյունավետ աշխատանքի համար:

Շնորհակալ եմ ՀՀ պետական հաստատությունների նախկին ու ներկա պաշտոնյաներին, Հայաստանի մարզերի, քաղաքների ու գյուղերի նախկին ու ներկա պատասխանատուներին, մեր հազարավոր համաքաղաքացիներին բոլոր այն ձեռքբերումների համար, որոնց միասին ենք հասել: Թիմային աշխատանքը, թիմի յուրաքանչյուր անդամի արժանապատվությունը եղել և մնում են ինձ համար առաջնային:

Անշուշտ, ՀՀԿ-ում իմ տեղը բաց չի մնա. կգան նորերը, միգուցե ավելի խելացի կամ նպատակասլաց, բայց շատ կցանկանայի, որ լինեն առնվազն նույնքան հայրենասեր և պետականամետ»։

Նյութի աղբյուրը ` hraparak.am

kotayk

Լրահոս