26 Սեպտեմբերի, 2020

Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղը գտնվում է Արաքսի ափին, Թուրքիայի հարևանությամբ: Հնագույն ժամանակներում բնակեցված է եղել քոչվոր, մահմեդական ցեղերով: Հետագայում`1915-1918 թթ. տեղի ունեցած ջարդերի հետևանքով Արևմտյան Հայաստանից գաղթած հայերից շատերը վերաբնակվեցին Ջանֆիդայում:

Գյուղի կենտրոնում են գտնվում Հայրենական Մեծ պատերազմում զոհված համագյուղացիների հիշատակին կառուցված հուշարձանը և նորակառույց Սուրբ Կարապետ եկեղեցին: Համայնքն ունի 3160 բնակիչ, բնակչույունը հիմնականում զբաղվում է հողագործույամբ,  պտղաբուծությամբ և անասնապահությամբ: 

Առաջիկա ծրագրերն ու նախագծումներն առավել հուսադրող ու ոգևորիչ են  Արմավիրի մարզի Ջանֆիդա համայնքում: Ղեկավար Կամսար Ղորղանյանը  Mnews.am -ի հետ զրույցում ասաց, որ պաշտոնավարում է 2016թ․ հոկտեմբերի 26-ից: Այս տարիներին այստեղ բավականին աշխատանքներ են կատարվել և այսօր էլ կատարվում են:

-Պարո՛ն, Ղորղանյան որքա՞ն ժամանակ է ինչ ղեկավարում եք համայնքը, այդ ընթացքում ի՞նչ փոփոխություններ են եղել համայնքում:

– Համայնքը ղեկավարում եմ 2016 թվականից, ընդ որում, ընտրվել եմ ընտրողների ձայների գերակշիռ մեծամասնությամբ: Այս մի քանի տարիների ընթացքում հասցրել ենք բազմաթիվ  խնդիրներ լուծել:Ընտրվելու առաջին իսկ օրից հնարավորինս ջանքեր եմ գործադրել, որպեսզի բարելավվի համայնքի կյանքը և բարեկարգման անհրաժեշտ աշխատանքներ իրականացվեն: Ամենակարևորը, որ պահպանվեն ու ամրապնդվեն Ջանֆիդայի բարի համբավն ու հեղինակությունը` որպես մարտունակ ու միասնական համայնքի:

Անելիքներ, ինչ խոսք, շատ ունենք, մասնավորապես` խմելու ջրի մատակարարման հետ կապված։ Խմելու ջրի խողովակներն քայքայված էին, այսօր փոխարինվում են նորերով: Մոտ 2,5 կմ ջրագիծ է փոխվում, դեռ աշխատանքները ամբողջությամբ ավարտված չեն: Դիմել էինք կառավարություն, որը և մեզ ընդառաջեց, խնդիրը ներառվեց հրատապ ծրագրերում, խմելու ջրի նոր ջրագծերի անցկացումն իրականացվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներով և համայնքի 10 տոկոս համաֆինանսավորմամբ։

Ջանֆիդան բոլոր առումներով, իրոք, օրինակելի համայնք դառնա: Այն, ինչ արվել է, պարզ ու ակնհայտ է,  ժողովրդի աչքի առաջ: Շատ ծրագրեր, անելիքներ ունենք, և առաջիկայում ավագանու հետ ձեռնամուխ կլինենք դրանց իրագործմանը:Ամենամեծ հարցը համայնքի համար ասֆալտապատումն էր,  նախկինում եթե Ջանֆիդա այցելած լինեիք հիմա տարբերությունը ակնհայտ կլիներ, փոշու մեջ կորած փողոցներ, անանցանելի ճանապարհներ,պետք է ուրախությամբ նշեմ, որ կենտրոնական  փողոցն է 3 կմ ճանապարահատված ասֆալտապատվել, երկրորդային ճանապարհներն են հարթեցվել, խճապատվել և այլն։

Գիշերային լուսավորություն է անցկացվել համայնքում։ Գերեզմանատանը էլեկտրաէներգիա  ենք անցկացրել: Ամբողջ գյուղապետարանի աշխատակիցներով գերեզմանատունն ենք կարգի բերել, ասֆալտապատել, ջուր ենք անցկացրել, բարեկարգել և այլն։ Գյուղն առաջնահերթ տարիներով կուտակված աղբից է մաքրվել: Գյուղապետարանում է սանհանգույց անցկացվել: Բարեկարգվել է հուշարձանի տարածքը, եկեղեցու բակն ու կենտրոնի զբոսայգին կանաչապատվել է։

Որքա՞ն է բնակչության թիվը համայնքում. արդյո՞ք համայնքում աշխատատեղերի խնդիր կա, ինչպիսի՞ն են արտագաղթի ցուցանիշները և ինչո՞վ է զբաղվում գյուղացին: Ինչպիսի՞ն է սոցիալական վիճակը:

-Այսօր ոչ միայն մեր, այլ` գրեթե բոլոր համայնքներում աշխատատեղերի խնդիր կա, որը, բնականաբար, բացասական ազդեցություն է ունենում գյուղացու սոցիալական վիճակի վրա: Համայնքն ունի մոտ 3200 բնակիչ, որոնց մեծ մասը հիմնականում զբաղվում են  հողագործությամբ, ջանֆիդացիները աշխատող են, այս պահին խաղողի հանձնման գործընացն է համայնքում։ Ինչպես նաև ապրուստի միջոց հայթայթում ՌԴ արտագնա աշխատանքի մեկնելու ճանապարհով:

-Պետություն-համայնքապետ- քաղաքացի, Դուք այս շղթայում Ձեր ղեկավարած համայնքի պատասխանատուն եք։ Արդյունավե՞տ է այն գործում: 

– Այս հարաբերություններում ոչ պակաս կարևոր դեր ունի ուժեղ համայնքապետը: Պետք է կարողանա ճիշտ կատարել և ներկայացնել թե՛ պետության պահանջները, թե՛ համայնքի խնդիրներն ու շահերը: Պետք է առաջնորդվի մեկ պատասխանատվության զգացումով և մեկ սկզբունքով՝ «Գյուղի հոգսը նաև իմ հոգսն է»:

Մշտապես համայնքապետարանի  ուշադրության կենտրոնում են հաշվանդամություն ունեցող անձինք, սոցիալապես անապահով ընտանիքները,հրատապ վիրահատական անհրաժեշտության դեպքերին, ում օգնության ձեռք է մեկնվում ամեն անհրաժեշտ պահի:Իմ ուշադրությունից չի վրիպում նաև ազգային ավանդական տոների, ծեսերի պատշաճ անցկացումը: Անպայման նշվում են տոները` ընդհանուր մասնակցություն ապահովելով, նվերներ ենք բաժանում և այլն: Այս ամենն, ի վերջո, համայնքի բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի վրա է դրականորեն ազդում:

Պարո՛ն Ղորղանյան, երիտասարդ լինելու հետ մեկտեղ կարողանում ենք շատ ճիշտ և նպատակաուղղված աշխատել համայնքի համար։ Որո՞նք են այն սկզբունքները, որոնք որդեգրել եք աշխատանքում:

-Ինձ համար առաջնայինը բնակիչների վստահությունն է: Շատ համերաշխ գյուղ է,  ինչն էլ ավելի է հեշտացնում համայնքը ղեկավարելը: Երբ տեսնում ես,  որ աշխատանքդ գնահատում են, այդ ժամանակ սկսում ես էլ ավելի պարտավորված և եռանդով աշխատել: Ջանֆիդացիները պատվախնդիր և համախմբված ժողովուրդ են։ Ի՛մ համայնքի,  ի՛մ բնակչության բարեկեցիկ ապագայի համար ջանք և եռանդ չեմ խնայում: Մեկը բոլորի համար, բոլորը մեկի, հենց այդ սկզբունքով էլ աշխատում եմ:

-Սուբվենցիոն ծրագրով ի՞նչ աշխատանք է Ջանֆիդայում իրականացվում ։

-Ամեն տարի վերանայում ենք մեր ծրագրերը, այս պահին մեծ ուրախությամբ պետք է նշեմ, որ Վ.Սարգսյանի անվան մանկապարտեզը կհիմնանորոգվի. շուրջ 130 երեխա կհաճախի հարմարավետ ու բարեկարգ նախադպրոցական կրթական հաստատություն: Մանկապարտեզի հիմնանորոգումը իրականացվում է սուբվենցիոն ծրագրի շրջանակում, որի ընդհանուր բյուջեն կազմում է 91 մլն 931.36 հազ. դրամ, այդ թվում` 65%-ը` 59 մլն 755.38 հազ. դրամը, ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինն է, իսկ 35%-ը`32 մլն 175.98 հազ. դրամը, համայնքի մասնակցությունը։

1969 թվականին կառուցված մանկապարտեզը երբևէ չի վերանորոգվել և 2019 թվականից դադարել էր գործել: Մանկապարտեզի շենքի օպտիմալ շահագործման համար կփոխվի մուտքի դուռը, կպատրաստվի բետոնե հատակ, կնորոգվեն աստիճանները, կկառուցվի բաց պատշգամբ, կփոխվեն ջրագծերը, դռները, պատուհաններն ու տանիքը, կապահովվի անխափան էլեկտրամատակարարում և ջրամատակարարում, կիրականացվեն նաև ներքին հարդարման աշխատանքներ:

Ծրագրի իրականացման ընթացքում և ավարտին կստեղծվեն ժամանակավոր և հիմնական աշխատատեղեր:

-Համայնքում Ձեզ հարգում և սիրում են,  ինչպե՞ս եք արժանացել գյուղացիների վստահությանը,  ինչպիսի՞ն է գյուղացի-համայնքապետ փոխհարաբերությունները:

-Ես այս գյուղում եմ ծնվել և մեծացել, և յուրաքանչյուր բնակչի հետ իմ հարաբերությունները ջերմ և անմիջական են, հարգալից, որը, բնականաբար,  փոխադարձ է:Մեզ համար գոյություն չունի ոչ աշխատանքային օր, գյուղացին ցանկացած պահի կարող է զանգել, կամ մոտենալ համայնքապետարան և կիսվել իր խնդիրներով: Ինձ համար ամենակարևորը համայնքի ժողովրդի սոցիալական վիճակի բարելավումն է:

Իսկ մեր զրույցի վերջում, պարոն Ղորղանյանը ավելացրեց, որ ցանկանում է, որ ամբողջ հայությունը միասնական լինի և ներողամիտ միմյանց հանդեպ: «Ցանկանում եմ, որ բոլոր հայերը` այստեղ ապրող, թե հեռավոր երկրներում,  հավատան,  որ վաղվա օրը շատ ավելի լավ է լինելու»:

Սիրո, համերաշխության, փոխադարձ ըմբռնման մթնոլորտում էլ Ջանֆիդայում  փորձում են քարը քարին դնել, ու կամաց-կամաց առաջ տանել հոգսաշատ գյուղի գործերը…

 Mnews.am

kotayk

Լրահոս