18 Օգոստոսի, 2021
Քոչարյանի ու Փաշինյանի հետ իմ կապի մասին․

Իշխանության պաշտոնական ու ոչ պաշտոնական քարոզչամեքենան տևական ժամանակ ինձ փորձում է ներկայացնել որպես Ռոբերտ Քոչարյանի քաղաքական թիմի անդամ՝ այդկերպ կասկածի տակ դնելով իմ օբյեկտիվությունը։ Խոստովանեմ, ՔՊ-ին հաջողվել է մարդկանց որոշ հատվածին համոզել։

Իրականում ես Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպել եմ մեկ անգամ՝ ազգային գաղափարախոսության հետ կապված հարցի շուրջ զրուցելու։ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել եմ առնվազն 5-6 անգամ՝ տարբեր թեմաներով։

Փաշինյանի գլխավորած քաղաքական թիմում և բարձրագույն իշխանության մեջ ունեմ ազգականներ ու ընկերներ։ Քոչարյանի գլխավորած քաղաքական թիմում ևս ունեմ մտերիմ ընկերներ։ Լուսահոգի հայրս եղել է նվիրյալ դաշնակցական, ես ՀՅԴ անդամ չեմ, բայց մեծ հարգանք ունեմ դաշնակցության ազգային դիմագծի ու անցած ճանապարհի նկատմամբ։ Չնայած դրան՝ երբևէ որևէ կուսակցության մեջ չեմ եղել, չեմ ներգրավվել որևէ քաղաքական ուժի գործունեության մեջ։

Թե ինչ կարծիք ունեմ Քոչարյանի ու Փաշինյանի կառավարման որակի մասին, կխոսեմ այլ առիթով, բայց հիմա նշեմ, որ այս երկու անձանց գլխավորած քաղաքական ուժերի հետ ունեցել եմ և ունեմ ակտիվ շփում՝ ելնելով առաջին հերթին իմ մասնագիտական գործունեությունից։

Այո, Նիկոլ Փաշինյանին համարում եմ Արցախի ողբերգության թիվ մեկ մեղավորը և դրա համար ունեմ փաստեր ու բացատրություններ, որոնց մասին բազմիցս խոսել եմ։ Քանի որ ՔՊ-ն չունի տրամաբանական ու փաստարկված պատասխաններ, այդ թիմի որևէ խոսող գլուխ չի համարձակվում ինձ արձագանքել՝ փորձելով ինձ պիտակավորող էժանագին լուրեր տարածել՝ կապելով Քոչարյանի քաղաքական թիմի հետ։

Քանի որ տեղեկություններ ունեմ, թե ինչպես են իմ հրապարակումները զեկուցում Փաշինյանին, հիմա կոնկրետ դիմում եմ հենց նրան։

Փաշինյանին ու նրա սպասարկուներին ձեռնտու չի լինի, եթե ես իսկապես լինեմ Քոչարյանի քաղաքական թիմի մեջ։ Վստահ եմ՝ չեն ցանկանա, որ մոտ 200 հազար լսարան ունեցող գործիչը որևէ քաղաքական թիմի կազմում ՔՊ-ին ոտնատակ տա։ Հետևաբար զգուշացնում եմ՝ դադարեցրեք ձեր էժանագին ու ստահոդ լուրերի տարածումն ու պատվիրված հետապնդումները ուժային կառույցների միջոցով, այլապես ավելի վատ կլինի հենց ձեզ համար։

Ինձ ճնշել կամ վախեցնել չեք կարողանա, բայց ընդդիմադիր հայացքներ ունեցող լրագրողին ձեզ ծնկի բերող քաղաքական գործիչ դարձնել կկարողանաք։ Մտածեք։

Նաիրի Հոխիկյանի Ֆեյսբուքյան էջից

 

 

kotayk

Լրահոս