Երեկ Սարալանջ փողոցում ժամը 22.00-ի սահմաններում ծեծի է ենթարկվել Քննչական կոմիտեի քննիչներից մեկը կնոջ և երեխաների ներկայությամբ: Մեզ ասացին, որ ծեծի ենթարկողը եղել է ոմն Արթուր, ով ԱԺ իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանի (շիշ բռնող) քրոջ ամուսինն է. գրում է hraparak.am-ը։
Ծեծի ենթարկողները եղել են մոտ 10 հոգի` 2 մեքենաներով, զինվորական համազգեստներով և զինված, ու ներկայացել են, թե իբր նոր են դիրքերից իջել: Ծեծի պատճառը եղել է այն, որ քննիչի մեքենան անսարք է եղել, և նա փորձել է ճանապարհի երթևեկելի գոտուց հեռացնել մեքենան, ինչն էլ արի ու տես, որ «դուր չի եկել» ծեծի ենթարկող Արթուրին:
Մենք տեղեկացանք, որ ծեծի ենթարկված քննիչը Քննչական կոմիտեի ՀԿԳ քննիչ Վ․Ա-ն է, իսկ ծեծի ենթարկողներից Արթուրը Սննդի անվտանգության տեսչական մարմնի` ՍԱՏՄ պետի տեղակալ Արթուր Շատվորյանն է, որը, ինչպես նշեցինք, Հայկ Սարգսյանի քրոջ ամուսինն է։
Ոստիկանության լրատվական վարչությունից հաստատեցին մեր տեղեկությունը, որ նման միջադեպ եղել է: «Դեկտեմբերի 15-ին, ժ. 23.50-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ նույն օրը ժ. 22.05-ին Սարալանջ փողոցում մի քանի անձինք ճանապարհը չզիջելու և ձայնային ազդանշան տալու հարցի շուրջ վիճաբանել են իր հետ, որի ժամանակ հարվածել են իր մարմնի տարբեր մասերին: Վիճաբանության կասկածանքով կա բերման ենթարկված անձ: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է քննություն»,-ասացին ոստիկանությունից:
ՍԱՏՄ-ից էլ Արթուր Շատվորյանի մասով ասացին, որ Շատվորյանից իրենք տեղեկություն չունեն, այսօր նա աշխատանքի չի եկել, միայն գիտեն, որ Արթուր Շատվորյանն այս պահին գտնվում է «Պաշտպանության նախարարության իրավասության տակ որպես կամավոր»։