ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։
«Այս պահին ընթանում են բանակցություններ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ։ Մամուլում տարածվող տեղեկությունները «Իշխանասարի ուղղությամբ ընթացող մարտերի մասին» չեն համապատասխանում իրականությանը»,- հայտնել է Պաշտպանության նախարարությունը։
168.am-ի հետ զրույցում Վերիշեն համայնքի ղեկավար Արարատ Օրդյանն ասաց, որ ստեղծվել է լարված իրավիճակ։
«Իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Այս պահին ես բարձրանում եմ դիրքեր, հասկանամ ինչ է կատարվում, 30 րոպեից զանգահարեք, որպեսզի կարողանամ ամբողջական տեղեկատվությանը տիրապետեմ և ձեզ փոխանցեմ։ Քաղաքացիական բնակչությունից այնտեղ քիչ մարդ կա, հիմնականում զինվորականներ են, դեռ քաղաքացիական անձանցից շատերին չեն թողնում շատ մոտենան»,- նշեց Արարատ Օրդյանը։