27 Հունվարի, 2021
Հենզել Մկոյանը կարծում է, որ այն մարդիկ, ովքեր անընդհատ ճնշում են գործադրում իր ընտանիքի վրա, մեղավոր են այն բանում, որ իր եղբոր կինն այսօր ինքնասպան է եղել իրեն կամրջից ցած նետելով:

Ըստ նրա իր հարսին ինքնասպանության են հասցրել դրանից առաջ տեղի ունեցած մի քանի միջադեպեր:

«2019 թվականին Պետրոսյանի որդին հարվածել էր իմ եղբորը Մարտունին, նրա ամուսնուն, նա ուղեղի ցնցում էր ստացել, իսկ հետո 2020 թ.-ի մարտի 26-ին փոխհրաձգության միջադեպից հետո, նրա որդուն բանտարկել էին: Նրանք թույլ չէին տալիս, որ խոսեր իր որդու հետ: Ամեն օր նա գալիս էր ինձ մոտ, լաց էր լինում ու ասում. «Թողեք լսեմ որդուս ձայնը»: Հետո եղբորս մահափորձը, երբ պայթեցրեցին նրա մեքենան: Եվ վերջին շրջանում նույնպես, ինչ ասես չբարդեցին մեզ վրա: Ընկերություններն են ստուգում, վճարված հարկը ստիպում են կրկին վճարել: Փակել են ՀԷԿ-ը: Նրանք ուզում են ոչնչացնել մեր ընտանիքը», – ասում է Հենզել Մկոյանը:

Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավորի խոսքով այս ամենը միասին ազդել է իր եղբոր կնոջ վրա, իսկ վերջին օրերին հիդրոէլեկտրակայանի փակումը սթրեսի հիմք էր դարձել:

«Իհարկե, դա նրա համար սթրես էր, չէ որ տանը նրանք անընդհատ խոսում էին այդ մասին: Եղբայրս ինձ վերջերս ասաց եկեք ամեն ինչ վաճառենք, գնանք այստեղից: Նա նաև շատ վատ տարավ ամուսնու նկատմամբ կատարված մահափորձը, իսկ Արմենի (խմբ. մահացածի որդին, որը մեղադրվում է զենքի ապօրինի օգտագործման մեջ) գործը դեռ փակված չէ: Հարցնում եմ, թե ինչու են երեխային ձերբակալել, ինձ ասում են հավասարակշռության համար», – ասում է Մկոյանը:

Այսօր հունվարի 27-ին, առավոտյան, ժամը 10:00-ի սահմաններում, Ախալքալաքի նախկին 1-ին զինվորական ավանը քաղաքին կապող հետիոտնային կամրջից Հենզել Մկոյանի եղբոր 50-ամյա կինն իրեն նետել է ցած:

Հիշեցնենք, որ 2020 թվականի մարտի 26-ի կեսօրին, ժամը 15:30-ին, «Gold» սրճարանի դիմաց, որը պատկանում է Սամվել Պետրոսյանին, տեղի էր ունեցել ընդհարում Պետրոսյանի և Հենզել Մկոյանի հարազատների միջև: Ընդհարումը կարճ էր տևել և արագ ավարտվել: Եվ, երբ բոլորը կարծես հանգստացել էին և կողմերը ցրվել, այդ ժամանակ տեղի էր ունեցել փոխհրաձգություն «Վրացական երազանք»-ի նախկին պատգամավոր Հենզել Մկոյանի և «Ազգային շարժման» նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանի միջև:

Ինչի հետևանքով ձերբակալել էին Վրաստանի խորհրդարանի նախկին և Ախալքալաքի Սակրեբուլոյի ներկայիս պատգամավոր Սամվել Պետրոսյանին, ինչպես նաև Խորհրդարանի արդեն նախկին պատգամավոր Հենզել Մկոյանի եղբորորդուն:

Հրազենի օգնությամբ խուլիգանություն կատարելու մեջ մեղադրվող Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանը և Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Հենզել Մկոյանի եղբորորդին ազատ էին արձակվել 20 000-ական լարի գրավի դիմաց, բայց այս գործով դատավարությունը չի ավարտվել և որոշումը դեռ չի կայացվել:

Լրահոս