Հրայրը երկու եղբայրներից ավագն էր, ավարտել էր Երևանի պետական համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետը, աշխատում էր մասնագիտությամբ: Պատերազմի լուրը լսելուն պես շտապել էր զինկոմիսարիատ և կամավորագրվել պաշտպանելու հայրենիքը։ Հրայրի մայրը Շուշանիկ Գասպարյանը, 168.am-ի հետ զրույցում պատմեց, որ որդին գաղտնի էր գնացել զինկոմիսարիատ, հարազատներն ու ընկերները միայն վերջին պահին էին իմացել, որ Հրայրը կամավորագրվել է․
«Գիշերը իմացանք, մոտ ընկերներից ոչ մեկին տեղյակ չէր պահել, անգամ եղբորը։ Ես եմ զանգահարել գիշերը, ու քավորի, իր մոտ ընկերոջ և կնոջ հետ տարանք ճանապարհեցինք Շենգավիթի զինկոմիսարիատից։ 3-րդ ավտոբուսն էր, 2 ավտոբուս ծափերով, ողջույններով ուղարկեցին, երբ իրենց ավտոբուսն արդեն պետք է շարժվեր հուզվեցի, մի մարդ ձեռքս բռնեց, ասաց ինչո՞ւ ես լաց լինում, ծափահարի․․․»։
Հրայրը 2020 թվականի օգոստոսին էր ընտանիք կազմել, ռազմաճակատ մեկնելուց առաջ արդեն գիտեր երեխա են ունենալու․
«2020 թվականի օգոստոսի 9-ին Հրայրի հարսանիքն էր, ընտանիք էր ստեղծել, առաջնեկի լուրը գիտեր, բայց պատերազմը սկսվեց, և ոչ մի բան իր աչքին չերևաց․․․ Շատ անհանգիստ էր ինքը, առաջինն իրենից եմ ստացել պատերազմի մասին լուրը, ու անընդհատ տեանյութերով դիտում էր, շատ անհանգիստ էր․․․»։
Մյուս տղաների հետ Հրայրը նախ մեկնել էին Արարատի մարզ Նախիջևանի հետ սահմանային դիրքեր, սակայն այնտեղ նորից դիմում է, որպեսզի իրեն տեղափոխեն Արցախ առաջնագիծ։
«Զոհվելուց հետո իմացանք, որ Ջաբրայիլ է գնացել ինքը։ Անընդհատ համառել է, որ իրեն Արցախ տանեն, իր տեղն այնտեղ է, ու նորից կամավորագրվել է, ստորագրել, որ գիտակցում է հավանականությունը քիչ է վերադարձի։ Հոկտեմբերի 15-ին Արարատից 30 հոգով գնացել են Ջաբրայիլ, ու շատ կարճ տևեց․․․ Հոկտեմբերի 18-ին դեպքը եղել է․․․»,- պատմեց տիկին Շուշանիկը։
Հրայրի մարտական ընկերներից Լևոն Աթանյանն էլ մեզ պատմեց, որ նահանջի հրաման է եղել, և երբ փորձել են թողնել զբաղեցրած դիրքը հայտնվել են ռմբակոծության տակ, և այնտեղից իր և Հրայրի ուղիները բաժանվել են․
«Չէինք մտածում, որ ինչ-որ մեկին կարող է բան լինի, որովհետև այդ մի քանի օրը սովորական էր դարձել ռմբակոծության տակ լինելը, մտածում էինք նույն ձև կշարունակվի առանց զոհերի․․․»։
Տղաներից Գարիկ Խումարյանն էլ, որը Հրայրի հետ ծանոթացել է կամավորագրվելիս, իսկ հետո ընկերացել էին, հիշեց, որ առաջին անգամ Արարատի մարզի դիրքեր բարձրացել են իր ծննդյան օրը հոկտեմբերի 8-ին․
«Հրայրն ընդհանրապես պարել-երգելու հետ սեր չուներ, ասաց ուզում եմ ծնունդիդ օրը պարեմ, ու պարել է Ջաբրայիլի երգի տակ։ Սկզբում մեզ տարան այնպիսի դիրք, որտեղ ոչ դուռ կար, ոչ պատուհան, անգամ մահճակալ չկար, պառկել ենք հատակին 2 բուշլատ գետնին, ու հերթափոխով 2 ժամ ես, 2 ժամ ինքը քնելով իրար փոխել ենք»։
Շարունակությունն սկզբնաղբյուր կայքում։