10 Օգոստոսի, 2020

Սերժ Սարգսյանը սկսել է «անկեղծ զրույցը», որի մասին հայտարարել էր դեռևս ամիսներ կամ ավելի քան տարի առաջ՝ նշելով, թե դեռ չի եկել ժամանակը և երբ այն կգա, կսկսի խոսել: Սարգսյանը չէր մանրամասնել, թե ինչ նշաններով է սահմանվելու «եկած ժամանակը», այսինքն՝ ինչի՞ց է եզրակացնելու, որ եկել է խոսելու ժամանակն ու պետք է սկսել: Բայց ստացվում է, որ հիմա ժամանակը եկել է, ու Սերժ Սարգսյանը՝ սկսել: Նա սկսել է Ապրիլյան քառօրյա պատերազմից, թեև ազդարարել, որ պատրաստվում է խոսել ամեն ինչի մասին: Ընտրված ձևաչափը գուցե լինի քննարկումների առարկա, քանի որ Սերժ Սարգսյանը փաստորեն շարունակում է խուսափել ուղիղ հարցերից: Բայց ձևաչափը տվյալ պարագայում էականը չէ, էականն այն է, որ նա համարել է, թե «ժամանակը եկել» է: Ու, քանի որ Սերժ Սարգսյանն ինքը չի մանրամասնում ժամանակի ընտրության իր չափանիշները, թե ինչու հիմա, ապա հանրությանը մնում է կռահել կամ անել իր եզրակացությունը կամ ենթադրությունը: Առերևույթ հարթության վրա մենք տեսնում ենք զարգացումների բավականին հետաքրքիր զիգզագ:

Ապրիլին ՌԴ արտգործնախարար Լավրովը ազդարարեց հայ-ռուսական խնդիրների մասին, ինչը նշան դարձավ Հայաստանի նախկին համակարգը ներկայացնող ուժերի համար, որոնք սկսեցին սուր քննադատությունն իշխանության հասցեին: Իշխանությունը գործնականում պատասխանեց Սահմանադրության փոփոխության հանրաքվեից հրաժարումով և ՍԴ խնդրի խորհրդարանական լուծումով: Իսկ ՍԴ խնդիր, որպես այդպիսին, իհարկե, գոյություն չունի, և ունեցել ենք բազմաթիվ առիթներ խոսելու, որ այստեղ խնդիրը լայն քաղաքական է, իսկ ՍԴ-ն՝ դետալ, հանգույց: Զուգահեռ, լուծվեց Արցախի իշխանության հարցը, որտեղ կենտրոնացել էր քաղաքական պայքարը, և նախկին համակարգը փորձում էր առնվազն արցախյան տիրույթում վերականգնել Հայաստանում կորցրած ստատուս-քվոն: Ի դեպ հատկանշական է, որ Լավրովի հայտարարությունները հենց արցախյան ընտրության զուգահեռ էին: Այդ բուռն ներքին շրջանից հետո իրադարձությունների զարգացումը կտրուկ տեղափոխվեց հայ-ադրբեջանական սահման՝ Տավուշ, որտեղ ծավալվեցին ադրբեջանական սադրանքին հաջորդած հայտնի ռազմական գործողությունները, հայկական բանակի պատժիչ հարվածն ու ռազմա-քաղաքական զարգացումները:

Տավուշում Հայաստանը ձևավորեց ռազմա-քաղաքական նոր իրավիճակ, թելադրեց նոր տրամաբանություն կամ, ավելի շուտ, ամրապնդեց Հայաստանում թավշյա հեղափոխությամբ ռեգիոնում հաստատված տրամաբանությունը: Ու դրան անմիջապես հաջորդեց հերթական ազդակը Ռուսաստանից, իհարկե, այս անգամ ոչ թե Լավրովի, այլ Մարգարիտա Սիմոնյանի կալիբրով և գուցե «ճամբարով», որին էլ հաջորդում է ներքաղաքական զարգացումների նոր բուռն շրջանը, երբ արդեն գործնականում բաց տեքստով խոսվում է աշնանային թեժ զարգացումների, փողոցային ակցիաների և այլնի մասին, որոնց նախերգանքին մասնակիորեն արդեն լինում ենք ականատես: Ահա այդ փուլում Սերժ Սարգսյանը սկսում է «անկեղծ զրույցը» կամ, այլ կերպ ասած՝ իր աշխույժ խաղը: Դա տեղի է ունենում այն բանից հետո, երբ իշխանության դեմ քաղաքական պայքարի առաջնորդության, թերևս, ամենաբաց և հստակ հայտն է ներկայացնում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Սերժ Սարգսյանը չի ներկայացնում առաջնորդության ուղիղ հայտ, բայց հայտարարում է, որ պետք է համախմբել Հայաստանի բոլոր կարող ուժերին և հանգիստ գնալ առաջ: Ստացվում է հետաքրքիր պատկեր՝ Ռոբերտ Քոչարյանը խոսում է փողոցներ փակելու գործընթացի լավ կազմակերպիչ լինելու մասին, Սերժ Սարգսյանը խոսում է կարող ուժերին համախմբելու և հանգիստ առաջ գնալու մասին: Սարգսյանը դաշտը չի զիջում Ռոբերտ Քոչարյանին, ինչպես նախագահության տասնամյակում՝ երբ հայտարարեց, թե ոչ մի օր պակաս չի լինելու Հայաստանի նախագահ, այնպես էլ իշխանությունը թողնելուց հետո:

armlife.am

kotayk

Լրահոս