2 Սեպտեմբերի, 2022

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ակադեմիական քաղաք ստեղծելու ու բուհերը Երևանին կպած Աշտարակ քաղաք տեղափոխելու հայտարարությունն իրականում ալեկոծել է բարձրագույն ուսումնական հաստատությունների մի շարք ղեկավարների հոգիները:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով որոշ բուհերի ռեկտորներ անհանգստացած են, թե ինչ է լինելու իրենց ճակատագիրը, որովհետեւ թվով 8 պետական բուհ թողնելը նշանակում է մի շարք հաստատություներ օպտիմալացվելու ու միավորվելու են: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով կառավարության հեռահար տեսլականներից է միավորել Հայաստանի Վ. Բրյուսովի անվան պետական, Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարաններն ու Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը: Նշենք, որ բացի վերոնշյալ երեք բուհերի միավորումից, կառավարության ավելի վաղ ունեցած տեսլականներից էր նաեւ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի եւ Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի միավորումը:  Ամբողջությամբ հոդվածը «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարար Վահրամ Դումանյանի մամուլի քարտուղարին տեղեկանալու, թե նման քննարկում կա արդյոք նախարարությունում, ինչին ի պատասխան Գեղամ Մելիքբեկյանն ասաց. «ԿԳՄՍՆ ոլորտներին առնչվող ցանկացած հարց քննարկվում է ոչ միայն գերատեսչության ներսում, այլեւ բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Երբ կայացվում է որոշում, այդ մասին կատարվում է համապատասխան իրազեկում»:

 

Լրահոս