Կուտակային կենսաթոշակների դեմ նաեւ մերօրյա իշխանավորներից շատերն էին պայքարում գետնին նստելով եւ համարելով, որ քաղաքացուն չի կարելի ստիպել վաղվա օրվա համար ավելի շատ գումար կուտակել:
Ժամանակների հետ նրանց դիրքորոշումներն էլ փոխվեցին, ու, ի տարբերություն նախագծի կնքահայր Տիգրան Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կուտակայինի «պարտադիր» բաղադրիչը տարածեց բոլորի վրա: Այսինքն եթե մինչեւ 2018-ը պարտադիր կուտակայինի համար հավելյալ հարկ միայն պետական համակարգի աշխատողներն էին վճարում, Փաշինյանի իշխանութունն այդ պարտականությունը նաեւ մասնավոր հատվածի վրա դրեց:
«Ակնհայտ է, որ համակարգը ռիսկային է ու ծառայում է ֆինանսավարկային համակարգի օլիգարխների շահերին: Կուտակային միջոցներն անընդհատ ֆինանսական շուկայի ռիսկերի տակ են գտնվելու, եւ որեւէ երաշխիք այդ գումարների ապահովության մասով, չկա»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը:
Կուտակային կեսնաթոշակները 2014-ից ի վեր պահ են տրված երկու ոչ հայկական կազմակերպությունների: Դրանք Հայաստան են եկել ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի իրականացրած լոբինգի արդյունքում: Այդ կազմակերպությունների հետ, ըստ Պարսյանի, Կենտրոնական բանկը մի շարք պայմանագրեր ունի կնքած, որոնք, սակայն, մինչ օրս հրապարակված չեն»։