Փաստաբան Նարեկ Ալոյանը գրավոր հարցում է ուղղել ՆԳ նախարարություն՝ հարցնելով, թե քանի՞ կալանավորված անձ 2025թ-ի հունվար ամսին չի ներկայացվել դատական նիստի։
«Կալանավորված անձանց դատական նիստերի չներկայացնելու խնդիրը շարունակում է մնալ իմ ուշադրության կենտրոնում։
Այսօր հարցում եմ ուղարկել ՆԳՆ` խնդրի ծավալն արձանագրելու նպատակով։
Եթե ՆԳՆ-ն իր ուժերով չի կարողանում լուծել խնդիրը` ապա պետք է դիտարկել նաև է կալանավորված անձանց ուղեկցելու գործառույթը առնվազն մասնակի ՀՀ արդարադատության նախարարությանը փոխանցելու հարցը»,- գրել է նա։
Ավելի վաղ փաստաբանը բարձրաձայնել էր 113 անձի գործազրկության խնդիրը լուծելու և այդպիսով կալանավորված անձանց իրավունքների խախտումները կանխելու մասին.
«Նկատի ունենալով, որ բազմաթիվ կալանավորներ դատարան չեն ներկայացվում բացառապես այն պառճառով, որ ՆԳՆ համապատասխան ծառայության 232 հաստիքներից 113-ը թափուր են` ինչի հետևանքով խախտվում է բազմաթիվ կալանավորների արդար դատաքննության իրավունքը, գրավոր դիմում եմ ներկայացրել ՀՀ վարչապետին` խնդրելով հնարավորինս սեղմ ժամկետում լուծել խնդիրը։
Նշված 113 հաստիքների համալրումը մեր 113 գործազուրկ հայրենակցի կարող է ապահովել աշխատանքով և կանխել դատական նիստերի անհարկի ձգձգումներն ու կալանավորված անձանց իրավունքների շարունակական խախտումները»։
Նշենք, որ խնդրի վերաբերյալ մտահոգություն է հայտնել նաև Մարդու իրավունքների պաշտպանը։
Թեև ՆԳՆ-ից Մարդու իրավունքների պաշտպանի գրությանն ի պատասխան` նշել են, որ 2024 թվականի 2-րդ կիսամյակում ձեռք է բերվել 22 նոր տրանսպորտային միջոց, միևնույն է հարցը շարունակում է մնալ չլուծված։
Օրինակ, Պաշտպանի աշխատակազմ ստացված բողոքներից մեկով անձը 1 տարվա ընթացքում իրեն վերաբերելի 7 դատական նիստից 4-ին չի կարողացել մասնակցել, մեկ այլ բողոքի համաձայն՝ անձը շուրջ 2 տարի վերը նշված խնդիրների պատճառով չի կարողացել ընդհանրապես մասնակցել դատական նիստին։