6 Փետրվարի, 2025

ՀՀ ԱԺ պատգամավոր, «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանը գրել է.

«ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) գործունեության հնարավոր դադարեցման, ինչպես նաև հնարավոր վերակազմավորման (իսկ դա առավել հավանական հանգուցալուծումն է) ազդեցությունը ինչպես բազմաթիվ երկրների, այնպես էլ Հայաստանի համար էական է լինելու։

Գործակալության ֆինանսավորմամբ Հայաստանում իրականցվել են բազմաթիվ ծրագրեր, որոնց նպատակն է եղել օժանդակել Հայաստանին հասնել կայուն զարգացման` մրցունակության աճի, բարելավված ժողովրդավարական կառավարման, անվտանգ և ապահով էներգետիկ ռեսուրսների, որակյալ առողջապահական և սոցիալական ծառայությունների հասանելիության միջոցով:

2022թ. գործակալության և Հայաստանի միջև կնքվել էր պայմանագիր 120 մլն դոլար դրամաշնորհ տրամադրելու մասին, իսկ 2024թ. սեպտեմբերին որոշում էր կայացվել տրամադրել լրացուցիչ 130 մլն, ինչի արդյունքում ՀՀ տրամադրվող դրամաշնորհի ընդհանուր գումարը կազմում է 250 մլն դոլար։

Անհնար է թերագնահատել այն ահռելի աշխատանքը, որ USAID-ն տասնամյակներ շարունակ իրականացրել է բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում։ Բազմաթիվ դրամաշնորհների շրջանակներում իրականացվել են կրթական, մեդիա և իրավապաշտպան ծրագրեր՝ Հետքը, Սիվիլնեթը դրա վառ օրինակն են։

Բայց, սրան զուգահեռ, ձևավորվել է գործակալության կողմից ֆինանսավորվող քաղհասարակության կազմակերպությունների և անհատների մի մեծ խումբ, որոնց գործունեությունը պետական և ազգային շահի տեսակետից մի օր քննության առարկա է դառնալու։

ԱՄՆ ՄԶԳ գործունեության դադարեցումը էապես փոխելու է քաղաքացիական հասարակության մթնոլորտն ու ներկապնակը։ Ի վերջո պարզվելու են ջրերը, որովհետև Հայաստանը, հայ ժողովուրդը նվազագույնը վերջին հինգ-վեց տարիներին գտնվում է դեզինֆորմացիայի, լեգենդների, կեղծ նարատիվների ահռելի ազդեցության տակ։ Տեսնում է՝ չի հավատում, լսում է՝ չի հասկանում։ Եվ այս գործում իրենց «լուրջ ներդրումն» ունեն քաղհասարակության մի շարք կազմակերպություններ և անհատներ։ Հենց վերջիններն էլ մի քանի օր է, ինչ ցայտնոտի մեջ են, քանի որ հասկանում են, որ ԱՄՆ ՄԶԳ վերակազմավորումից հետո նրանցից շատերը մնալու են առանց ֆինանսավորման։

Այս առումով լուրջ փոփոխություն է լինելու հասարակության մեջ։ Ֆինանսավորման բացակայության պայմաններում այդ ցանցի բազմաթիվ իդեաներ և նարատիվներ՝ հակահայկական, հակաարցախյան, ցեղասպանությունը կասկածի տակ դնելու և այլն, սպասարկման ռեսուրսներ չեն ունենալու։ Իհարկե, մեծ է հավանականությունը, որ իշխանությունը ֆինանսավորման «սուրբ գործը» կվերցնի իր վրա, քանի որ վերջին հաշվով այս կազմակերպությունների գոյությունը իշխանության գաղափարների տարածման և պաշտպանության գրավականն է, իշխանության ապազգային գործողությունների արդարացումը, բայց ֆինանսավորման ծավալը նույնը լինել չի կարող։

Արդյունքում տեղի է ունենալու քաղհասարակության պլատֆորմի վերակազմավորում։ Շատ կարևոր է, որ բացը լրացվի ոչ թե ծայրահեղ գաղափարներով՝ պոպուլիստական կամ արկածախնդիր, այլ՝ գրագետ իդեաներով։

Սա կարող է հասարակության առողջացման լուրջ սկիզբ դառնալ»։

Լրահոս